Ծառուկյանը ստեղծում է հայկական Սիլիկոնյան հովիտ

421

Վերջին երեք տարիներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից 1 միլիարդ 200 միլիոն դոլարի ներդրում է կատարվել Հայաստանի տնտեսության մեջ, եւ, բազմաթիվ տնտեսագետների գնահատմամբ, սա ապտակ էր կառավարությանը, որը 2017 թվականի համար խոստացել էր 850 միլիոն դոլարի ներդրում, որն այդպես էլ չի իրականացվել: «Ես վստահաբար կարող եմ ասել, որ ներդրումները վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ 1 միլիարդ 200 միլիոնից ավելի են եղել: Դուք խոսում եք այն տեսանյութի մասին, որտեղ ներկայացված են Գագիկ Ծառուկյանի ներդրումները վերջին երեք տարվա մեջ: Ես վստահաբար կարող եմ ասել, որ շատ բան այդ սյուժեում ներկայացված չի եղել, այնպես որ, Ծառուկյանի ներդրումները շատ ավելի են եղել, եւ  այդ ներդրումներն արվել են ոչ թե ինչ-որ մեկի ինադու, այլ արվել են մի մարդու կողմից, ով հասկանում է, որ երկրի զարգացումը ուժեղ, հզոր տնտեսություն ունենալն է»: Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կողմից կատարվող ներդրումային ծրագրերին:

Ըստ Զոհրաբյանի՝ ի տարբերություն միջանցիկ «սկվազնյակների» եւ «քամիների», տարատեսակ ներդրումային «քամի» հայտարարությունների, այդպես էլ իրականություն չդարձած ֆիկցիա ներդրումային հիմնադրամների, որոնք իբրեւ թե Հայաստանի տնտեսության մեջ լրջագույն ներդրումներ պետք է անեն, տասնյակ հազարավոր աշխատատեղեր պետք է բացեին, Գագիկ Ծառուկյանը հստակ եւ կոնկրետ գործ  է արել: «Պատահական չէ, որ ընդամենը օրեր առաջ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց թիվ, որ 2017 թվականին Հայաստանում ներդրումները նվազել են: Հիմա ուզում եմ հարց ուղղել կառավարությանը. բա ձեր 850 միլիոն դոլարի ներդրումն ի՞նչ եղավ, եթե ձեր իսկ գրպանում գտնվող ԱՎԾ-ն փաստում է, որ 2017 թվականին Հայաստանում ներդրումները նվազել են: Այո, մենք այսօր պետք է ընդունենք, որ Գագիկ Ծառուկյանը իր վրա վերցրել է պետության, եւ, սա թող բացարձակ ամպագոռգոռ չհնչի, ֆունկցիա: Այն խնդիրները, որոնք պետությունը, կառավարությունը պետք է լուծեր, այսօր լուծում է մեկ անձ»,- նշեց Ն. Զոհրաբյանը:

Նշենք, որ առաջիկայում «Սիլիկոնյան հովիտ-2» ծրագիրն է աշխատելու, որ հսկայական գոտի է լինելու, որը ներգրավելու է լուրջ տնտեսագիտական եւ գիտական ներուժ: «Դուք գիտեք, որ Սիլիկոնյան հովտում այսօր մի քանի հազար հայ երիտասարդ է աշխատում, եւ վստահ եմ, իրենցից շատերի հետ խոսել եմ, որ իրենք պատրաստ են հենց առաջիկայում վերադառնալ Հայաստան եւ Ծառուկյանի՝ նոր Սիլիկոնյան հովտում աշխատել հանուն իրենց հայրենիքի, որովհետեւ լավ կյանքից չէ, որ տաղանդավոր երիտասարդները, ովքեր կարող են իրենց բարձր ունակությունները ներդնել հայրենիքում, այսօր աշխատում եւ զարգացնում են Միացյալ Նահանգների, ԵՄ-ի տարբեր երկրների գիտական եւ տնտեսական միտքը:

Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր արմատապես պետք է վերափոխվեին տեխնոլոգիական եւ արդյունաբերական շղթաները, եւ մենք բոլորս էլ հասկանում ենք, եւ այդ մասին վերջերս շատ ծավալուն հոդված էր հրապարակել Գագիկ Ծառուկյանը, որում խոսել էր չորրորդ արդյունաբերական հեղափոխության մասին՝ որպես այդ հեղափոխության բնորոշիչներ նշելով տեխնոլոգիաների միաձուլումը, ինչպես նաեւ թվային տնտեսության եւ թվային հասարակության ձեւավորումը: Մենք բոլորս հասկանում ենք, որ առանց տնտեսության մեջ լուրջ գիտական, երիտասարդ, կարող պոտենցիալի ներդրման հնարավոր չէ ունենալ մրցունակ տնտեսություն, եւ ես պայմանականորեն անվանեմ համաշխարհային «Սիլիկոնյան հովիտ-2»-ը, որը ստեղծում է Գագիկ Ծառուկյանը, աննախադեպ ծրագիր է լինելու, եւ Հայաստանի տնտեսության վերածնունդը սկսվելու է այդ նոր հայկական Սիլիկոնյան հովտից»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Загрузка...