Ինչո՞ւ ենք մենք մշտապես քնել ուզում

215

Որոշ մարդիկ քնում են օրական 9-10 ժամ, երբեմն էլ ցերեկն են փորձում մի քիչ քնել ու միեւնույն է՝ անընդհատ քնել են ուզում։ Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում ու ո՞ր դեպքերում է քնկոտությունը մասնագետին դիմելու առիթ հանդիսանում։

Գենետիկ ու տարիքային հակվածություն

Որոշ մարդկանց դեպքում քնի մեծ պահանջը կարող է գենետիկ առանձնահատկություն լինել, վստահեցնում է Միչիգանի համալսարանի Քնի խանգարումների կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Ռոնալդ Չերվինը Huffington Post պարբերականին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ մենք չենք կարող ազդել գենետիկ գործոնների վրա, փոխարենը մեզնից են կախված քնի հսկողության մյուս գործոնները, օրինակ դրա ռեժիմը, նույն ժամին քնելու ու արթնանալու սովորությունը։

Մասնագետը նաեւ նշել է, որ դեռահասները հաճախ հակված են երկար քնել ու դժվար են արթնանում, ինչը պայմանավորված է նրանց տարիքային առանձնահատկություններով՝ դա կարող է կապակցված լինել ցիրկադային ռիթմի «ընդլայնումով», որը պատասխանատու է քնի համար, չնայած սովորությունները նույնպես այս հարցում կարեւոր դեր են կատարում։

Քնի խանգարումները

Քնի խանգարումները բազմաթիվ են ու դրանցից մի քանիսի հետեւանքով մարդիկ անընդհատ քնել են ուզում։ Նման խանգարումներից մեկն է հիպերսոմնիան, որի դեպքում մարդը չի կարողանում վեր կենալ անկողնուց ու 10 ժամ քնելուց հետո անգամ քնի կարիք է զգում։

«Նման մարդիկ ցերեկն էլ կարող են 2-3 ժամ քնել, բայց անգամ դա նրանց չի բավականացնի։ Այդ վիճակը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, մենք այնքան էլ չենք հասկանում դրա բնույթը»,- նշել է պրոֆեսոր Էմանուել Դյուրինգը, Սթենդֆորդի համալսարանի հոգեբույժը։

Կլեյնե —Լեւինի կամ «քնած գեղեցկուհու» համախտանիշը եւս մեկ պատճառ է քնից չհագենալու համար, նման մարդիկ կարող են օրական 15-20 ժամ մնալ անկողնում, վեր կենալով միայն ուտելու ու բնական կարիքները հոգալու համար։ Իհարկե այդ հազվագյուտ համախտանիշն ախտահարում է մեկ միլիոնից միայն մեկին։

Հոգեկան խնդիրներն ու ընդհանուր հիվանդությունները

Դյուրինգի խոսքով՝ երկարատեւ քունը կարող է պայմանավորված լինել դեպրեսիվ հոգեվիճակով։ Բացի բուն դեպրեսիայից, քնելու ցանկություն կարող են առաջացնել նաեւ հակադեպրեսանտները։

Գլխուղեղի տրավմաները նույնպես կարող են մշտական քնկոտության պատճառ դառնալ։ Տվյալ դեպքում երկարատեւ քունը նպաստում է ապաքինմանը։

Եթե Դուք մշտապես ուզում եք քնել, նույնիսկ եթե բավականաչափ քնում եք գիշերները, դա արդեն իսկ առիթ է բժշկի դիմելու համար, նշում են մասնագետները։

Նյութի աղբյուրը՝https://med.news.am/arm/

Загрузка...