Ոգևորությունից խայտառակություն կես քայլ է. Ծառուկյան խմբակցության պատգամավորը՝ Էդմոն Մարուքյանին

533

Past.am-ը գրում է․

Երեկ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցող զարգացումներին, կասկածի տակ դրեց «Ծառուկյան» դաշինք պատգամավորական խմբակցության ընդդիմադիր լինելու հանգամանքը:

Մեզ հետ զրույցում, թեմայի շուրջ կարծիք հայտնեց ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը.

«Թիվ 1 ընդդիմադիրը երևալու մարմաջը հիմա էլ վարակել է Էդմոն Մարուքյանին … Հավանաբար՝ սեփական խմբակցությունից մեկուսացվելու հանգամանքն իրականությունը ճիշտ ընկալելու և վերարտադրելու հարցում լուրջ խնդիրներ է առաջացրել նրա մոտ: Ումից, բայց Մարուքյանից չէի սպասի, որ նա էլ է համալրելու իր նկատմամբ ժողովրդի նվազող ուշադրությունը «Ծառուկյան» դաշինքի հասցեին առարկայազուրկ քննադատություններ հնչեցնելու միջոցով վերականգնող քաղաքական սպասարկուների շարքերը: Պարզապես զարմանալի է, որ «Ծառուկյան» դաշինքին խորհուրդ տալու «առաքելությունն» իր վրա է վերցրել մի գործիչ, ով սեփական խմբակցության և հանրության մեջ իր քաղաքական լարախաղացության հետևանքով արդեն լուրջ խնդիրներ ունի: Հասկանալի է՝ քաղաքական խորդուբորդեր ապրած գործիչը լավ յուրացրել է աջ ձեռքով ընդդիմություն խաղալու, իսկ ձախով իշխանության «ձեռքը համբուրելու» գործը: Այդուհանդերձ, իմ գործընկերոջը խորհուրդ եմ տալիս հիշել, որ ոգևորությունից խայտառակություն կես քայլ է, և չտրվել հոգեբանական սուբլիմացիային, երբ սեփական բարդույթները հաղթահարելու համար ապիկարը փորձում է իր պրոբլեմները բարդել այլոց վրա: Կարծում եմ՝ որպես արևմտյան արժեհամակարգի՝ գոնե դե յուրե կրող, Մարուքյանը հասկացավ, թե որքան անխոհեմ է «Ծառուկյան» դաշինքի անունը հնչեցնելով՝ իր մասին դրական կարծիքներ կորզելու փորձը: Հուսամ՝ նա չի շարունակի իր անպտուղ մարտավարությունը և կլծվի սեփական խմբակցության ճաքերը սվաղելու գործին ու այլևս հանգիստ կթողնի «Ծառուկյան» դաշինքին… »,- ասաց պատգամավորը:

Загрузка...