Մեկ շարժում՝ մի քանի նախադեպ. Հայաստանի նախադեպը կարող է օրինակ ծառայել անգամ առաջավոր երկրների համար

290

Realnews. am-ի զրուցակիցն է Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի ավագ դասախոս, իրավաբանության մագիստրոս, քաղաքական գիտությունների թեկնածու Արմեն Հարությունյանը:

-Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Հայաստանում վերջին օրերին:

-Գերազանց եմ գնահատում: Անկախացումից ի վեր առաջին անգամ, փաստորեն, ժողովրդին հաջողվեց համախմբվել և իշխանություններին հրաժարական պարտադրել, ընդ որում՝ առանց որևէ բռնության, առանց որևէ ագրեսիայի, ատելություն տարածելու: Բռնության, ագրեսիայի բացառումը շատ կարևոր է և մեր ժողովուրդը հասել է դրան, բացառիկ դեպք է, երբ ցուցարարը իրեն բերման ենթարկող ոստիկանին համբուրում է, ասում է՝ «ոստիկանը մերն է», չի եղել նման բան երբեք անցյալում: Մենք կարող ենք և պետք է հպարտանանք, սա միայն ու միայն խոսում է մեր ժողովրդի քաղաքական հասունության մասին, ժողովուրդը այլևս չի վախենում ոստիկանից, թաղայինից, քաղաքապետից, վարչապետից, ոչ մեկից չի վախենում:

– Ի՞նչ կասեք քաղաքացիական շարժման մասին:

-Անջնջելի տպավորված եմ՝ ինչպես և բոլորը: Քաղաքացիական այս շարժումը ամբողջությամբ և լրիվությամբ տեղավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երկրորդ հոդվածի տրամաբանության մեջ: Քաղաքացիական անհնազանդությունը անմիջական ժողովրդաիշխանության դասական օրինակ է, որը գործում է կոնկրետ դեպքերում և կոնկրետ հարցերի շուրջ և որի ընթացքում ժողովուրդը ոչ բռնի, խաղաղ եղանակով դիմադրում կամ դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը հանրային հավաքների, ճանապարհների շրջափակման, քարոզչական թերթիկների տարածման, գործադուլների, դասադուլների անցկացման միջոցով: Այսինքն՝ ճիշտ այն, ինչի ականատեսը եղանք այս օրերին: Եթե վերևից չեն կարողանում ժողովրդաիշխանություն ապահովել՝ այն ներքևից է հաստատվում՝ հրապարակից:

-Ի՞նչ եք կարծում, իշխանությունները չէին կարո՞ղ հաշվարկել իրադարձությունների նման զարգացում:

-Կարող էին, բայց պիտի փաստենք, որ իշխանությունները ինչ-որ պահից սկսած՝ կտրվել էին իրականությունից: Քաղաքագիտության մեջ կան որոշակի օրինաչափություններ. երբ որ քաղաքական ցիկլը ավարտվում է, բայց իշխանափոխություն չի լինում, նման իրավիճակիները ուղղակի դառնում են անխուսափելի: Երբ որ իշխանությունները չեն կարողանում ժողովրդի պահանջներին համահունչ օրակարգ ձևավորել՝ օրակարգը ձևավորվում է ինքնաբուխ՝ հրապարակում:

-Ո՞րն էր հաջողության հիմնական գրավականը:

-Հաջողության գրավականը սերն է միմյանց հանդեպ, բոլորի հանդեպ: Պատկերացնում ե՞ք այս օրերին հանրապետության հրապարակում միանգամից մի քանի նախադեպ է սահմանվել: Առաջին անգամ անկախացումից ի վեր՝ իշխանությունները չգնացին բախման, առաջին անգամ է, որ չնայած մի շարք խնդիրներին՝ ցուցարարները կարծեք մեկ ընտանիքից լինեին՝ հանրապետության փողոցներում զրո ագրեսիա էր, առաջին անգամ հանրապետության գործող նախագահը հանրահավաքի թեժ պահին «իջավ» ժողովրդի մեջ, հնադիպեց ցուցարարներին, հավաքի կազմակերպիչներին երկխոսության կոչ արեց և վերջապես՝ վարչապետը հրաժարական ներկայացրերց: Հասկանու՞մ եք, սրանք նախադեպեր են, որոնց մասին կերազեն անգամ եվրոպական առաջավոր երկրները:

-Հաջորդ քայլերը, որո՞նք պետք է լինեն:

-Նախ հարկավոր է շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին քաղաքական, քաղաքացիական հասունության համար, Նիկոլ Փաշինյանին ժողովրդին առաջնորդելու համար: Այո՛, պետք է շնորհակալություն հայտնել նաև Սերժ Սարգսյանին՝ իրավիճակի ճիշտ ընկալման, իրականության հետ հաշվի նստելու և իշխանությունը ամեն գնով պահելուն չգնալու համար: Պետք է շնորհակալություն հայտնել քաղաքական բոլոր ուժերին, որոնց նպատակներն արդար ու ազնիվ էին, որոնք իրավիճակի թեժ պահին արել են ամենը, որ երկխոսություն կայանա, արյունահեղություն չլինի: Մեծ էր նաև հանրապետության նորանշանակ նախագահի դերը, ով, փաստորեն, նախագահի պաշտոնում գերազանցությամբ հանձնեց առաջին «քննությունը»: Ինչ վերաբերում է հաջորդ քայլերին. Անելիքները նոր են սկսվելու, պետք չէ թուլանալ իբր ամեն բան լավ է և մենք վաղվանից նոր Հայաստանում ենք արթնանալու: Հայաստանի առջև ծառացած խնդիրների փունջը համախմբվածություն է պահանջում: Ժողովուրդը, որը հասունացել է, սովորել է համախմբվել, ինքնակազմակերպվել և իշխանություններին որոշում պարտադրել նա ունակ է և պարտավոր է բոլոր քաղաքական ուժերին համախմբել և պարտադիր բոլորին ծառայեցնել ի շահ Հայ ժողովրդի և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության այլ ճանապարհ չկա, կուսակցություն խաղալու ժամանակ չկա, թիմերի բաժանվելու ևս…

Загрузка...