Հենրիխ Մխիթարյանը ստացել է ամենաբարձր գնահատականը

309

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրիտանական Daily Mail-ի վարկածով ամենաբարձր գնահատականն է ստացել Լոնդոնի «Արսենալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» միջեւ անգլիական Պրեմյեր լիգայի 36-րդ տուրի խաղում:

Իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդին» գոլ խփած 29-ամյա Մխիթարյանը ստացել է 7 գնահատականը: Նույն գնահատականին է արժանացել նաեւ «Արսենալի» հույն պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը:

«Օգտագործեց «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների տրիբունայի մոտ գոլ խփելու պահը: Մենք դա տեսել էինք նաեւ նախկինում: Հրաշալի ավարտ հաշիվը հավասարեցնելիս: Նա բարձրացրեց ձեռքերը, որպեսզի չտոնի գոլը»,- Մխիթարյանի մասին գրել է հեղինակավոր պարբերականը:

Whoscored.com-ը եւս Մխիթարյանին տվել է 7.9 գնահատականը՝ ճանաչելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ 29-ամյա Մխիթարյանն առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանում գոլի հեղինակ է դառնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ինչպես նաեւ գրավում մանչեսթերցիների դարպասը: Այս մրցաշրջանը նա սկսել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել էր «Արսենալ»:

Մանչեսթերում կայացած խաղում դաշտի տերերը հաղթել էին 2:1 հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը ծնկի վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ էր ընդգրկվել «Արսենալի» մեկնարկային կազմում եւ հանդես եկավ 76 րոպե: Հանդիպումից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանը վնասել է նույն ծունկը: Մինչեւ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը Հենրիխը խաղադաշտից բացակայում էր ապրիլի 5-ից, երբ ծնկի վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում:

Մայիսի 3-ին «Արսենալը» Մադրիդում Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպում է անցկացնելու «Աթլետիկոյի» հետ (առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը):

Загрузка...