Առաջադրումների ժամկետն ավարտվեց. Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

223

Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ թեկնածու առաջադրելու ժամկետն ավարտվեց այսօր՝ ժամը 18.00-ին: Ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն ԱԺ բոլոր 4 խմբակցությունները:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

ՆՅութի աղբյուր՝ news.am

Загрузка...