Ուզում եմ տարվա մեջ գոնե 2 ամիս ՀՀ-ում լինել. Սերժ Թանկյան

223

Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ցանկանում է տարվա մեջ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Նա Երեւան էր ժամանել  մայիսի 7-ին, եւ  Ազգային ժողովի շենքում՝ օթյակից հետեւում էր ԱԺ հատուկ նիստին, որի ընթացքում ընտրվում է ՀՀ վարչապետը: Լրագրողներն առիթն օգտագործել ու մի քանի հարց են տվել նրան:

– Եկե՞լ եք Նիկոլ Փաշինյանին Ձեր աջակցությունը հայտնելու:

– Այո՛, աջակցությունը հայտնելու Նիկոլին եւ ժողովրդին, ինչպես նաեւ ներկա լինելու քվեարկությանն ու խորհրդարանի ժողովին: Շատ ուրախ եւ հպարտ եմ ներկա լինելու համար:

– Ինչպե՞ս է:

– 2015 թ.՝ System of a Down-ի շոուի ժամանակ մեր տեսած եռանդը եւ երիտասարդների ժպիտներն արդեն տեսանք նաեւ Հայաստանի փողոցներում: Այդ նույն եռանդն էր, նույն ուրախությունը, որ այս հեղափոխության կարեւոր մասը եղավ: Եւ ես գիտեի, որ այդ ժպիտները սրան պետք է հասնեին: Չգիտեի՝ ինչքան ժամանակից դա կլինի, բայց հայտնի էր, որ այս նոր եռանդը, նոր ուրախությունը մի տեղ պետք է հասներ:

– Որքա՞ն ժամանակ եք Երեւանում անցկացնելու եւ հնարավո՞ր է, որ մտափոխվեք ու համերգ տաք:

– Հիմա հենց Ազգային ժողովի մեջ համերգ եմ տալու (կատակում է): Ո՛չ: Շատ չեմ մնալու՝ 1 շաբաթի չափ, բայց շուտով հետ եմ գալու:

– Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին ահռելի արտագաղթ էր, հուսահատություն: Դուք ի՞նչ եք կարծում, այս հեղափոխությունից հետո… ի՞նչ են ասում Ձեր ընկերները, վերադառնալո՞ւ են: Կլինի՞ այդ ներգաղթը:

– Անպայման: Դա ժամանակի հարց է: Ժամանակի ընթացքում, բարեփոխումների հետ եւ դրական փոփոխությունների հետ միասին, կարծում եմ, կփոխվի այդ արտագաղթը, եւ մարդիկ պետք է սկսեն հետ գալ: Երբ դուք ունենում եք հասարակություն, որտեղ մարդիկ հավասար են, որն ազատվել է կոռուպցիայից եւ մի քանի խնդիրներից, ինչպիսին է, օրինակ, գործազրկությունը, եւ ներդրումներ է բերում երկիր… քանի որ, երբ այդպիսի բաները նվազում են, երկրի նկատմամբ վստահությունը մեծանում է, եւ ավելի շատ ներդրումներ կլինեն, ավելի շատ աշխատատեղեր կլինեն, մարդիկ հետ կգան եւ պոզիտիվ կլինեն: Սա տեղի է ունենալու, պարզապես մի քանի տարիների հարց է: Պետք է համբերատար լինենք, պետք է ջանասիրաբար աշխատենք, որ այդ փոփոխությունները մեր երկրի համար հնարավոր դառնան: Ես տեսնում եմ, որ Հայաստանում մարդիկ շատ դրական են տրամադրված, եւ սա միայն սկիզբն է:

– Դուք ի՞նչ դեպքում կգաք Հայաստան ապրելու:

– Արդեն գալիս եմ (ծիծաղում է): Ես թափառական մի անձ եմ, քանի որ երաժիշտ եմ եւ ողջ տարին պտտվում եմ աշխարհով, բայց ուզում եմ, անպայման տարին 2 ամիս Հայաստանում մնալ, ինչպես 2 ամիս Նոր Զելանդիայում մնում եմ: Բայց անպայման մի տեղ ուզում եմ գտնել Հայաստանում:

– Առաջիկայում սպասվո՞ւմ է համերգ:

– Անպայման մի ուրիշ օր պետք է համերգի պատրաստությունն անենք, բայց հիմա այդ պատրաստությունը չկա դեռ:

Загрузка...