Դատավորը մերժեց «Սասնա ծռերի» կալանքը փոխելու միջնորդությունը

90

Դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ մերժեց «Սասնա ծռերի» անդամների խափանման միջոց կալանքը փոխելու  պաշտպանների ներկայացրած միջնորդությունը: Դատավորը որպես հիմնավորում նշեց, որ կալանքը փոխելու դեպքում նրանք կարող են խոչընդոտել քննությանը եւ չներկայանալ դատական նիստերին:

«Սասնա ծռերի» աջակիցները այս որոշումն ընդունեցին սուլոցներով եւ վանկարկումներով: Նրանք այս պահին երկկողմանի փակել են Արշակունյաց պողոտան: Նրանք քաղաքացիներին կոչ են անում բողոքի ակցիա իրականացնել նաեւ դատախազության եւ Վճռաբեկ դատարանի առջեւ:

«Սասնա ծռերի» աջակիցները նաեւ փակել են դատարանի շենքի հետնամասը, որտեղից դուրս են բերում «Սասնա ծռերին»:

Նշենք, որ դատավորի խորհրդակցական սենյակ գնալուց հետո «Սասնա ծռերի» աջակիցները մի քանի ժամով փակել էին Արշակունյաց պողոտան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում,  «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: Օհանյանի լիազորությունները առողջական խնդիրների հետեւանքով դադարեցվել են, նրա փոխարեն դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը:

Загрузка...