Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածով

37

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսվել երկրի քրեական օրենսգրքի 301 հոդվածով, այն է՝ Թուրքիայի Հանրապետության նախագահին, թուրք ժողովրդին կամ թրքությունը վիրավորելը։

Ինչպես փոխանցում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, Թուրքիայի արդարադատության նախարարությունը բավարարել է Անկարայի հանրապետական դատախազության՝ Փայլանի դեմ հետաքննություն սկսելու պահանջը։

Դատախազության մեղադրանքների հաստատման դեպքում հայազգի պատգամավորը կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից։

Հայտնի է, որ գործի շրջանակում Կարո Փայլանը մեղադրվում է 2017 թվականի մայիսի 1-ին Կանադա կատարած այցի ընթացքում տված հարցազրույցներից մեկում թուրք ժողովրդին և Թուրքիա պետությանը, կառավարությանը վիրավորելու համար:

Տվյալ հարցազրույցում Փայլանը, մասնավորապես, խոսել էր Հայոց ցեղասպանության, Հրանտ Դինքի սպանության, հեղաշրջման փորձի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության մասին։

Նշենք, որ Փայլանի հետ միասին գործ էր հարուցվել նաև նրա 7 կուսակիցների դեմ։

Загрузка...