Իրանը և Միացյալ Նահանգները հռետորաբանական մակարդակում սկսել են բացարձակ և բաց պատերազմ

168

Իրանը և Միացյալ Նահանգները հռետորաբանական մակարդակում սկսել են բացարձակ և բաց պատերազմ։ Իհարկե, այդ պատերազմը վերջին տարիներին միշտ էլ եղել է, բայց ներկայումս կողմերը միմյանց չեն խնայում և օգտագործում են ձեռքի տակ եղած ողջ արսենալը։

ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին, տարածաշրջանում վերջինիս վարած արտաքին քաղաքականությունը համարել է վտանգավոր, ինչպես նաև նախազգուշացրել, որ նոր պատժամիջոցներն ավելի ընդգրկուն ու խիստ են լինելու։

ԻԻՀ նախագահ Հ․ Ռուհանին Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների նախագահների արտահերթ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Դ․ Թրամփի վարչակարգը ներկայումս ողջ աշխարհին սպառնացող վտանգ է, որի դեմ պետք է պայքարել համատեղ ուժերով։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հ․ Նոյերթը, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե եվրոպական մի շարք հզոր ընկերություններ հայտարարել են, որ չեն ենթարկվելու ԱՄՆ պատժամիջոցներին և արգելափակելու են դրանք՝ շարունակելով Իրանի հետ գործընկերային հարաբերությունները, պատասխանել է, որ այդ ընկերությունները մինչ իրենց վերջնական որոշումը կայացնելը դեռ մտածելու ժամանակ ունեն, համենայն դեպս, Միացյալ Նահանգները մշտապես հայտնել է իր մտահոգությունը և զգուշացրել Իրանի ապակայունացնող գործողությունների մասին։

Այս ամենի ֆոնին էլ ավելի է կարևորվում ԻԻՀ նախագահ Հ․ Ռուհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի՝ «Հայաստանը երբեք Իրանի դեմ որևէ գործողության մասնակից չի եղել և չի էլ լինելու» հայտնած միտքն ու դրան հետևողական լինելը՝ հաշվի առնելով Հայաստանի համար Իրանի ռազմավարական կարևորությունը։

Загрузка...