Հունիսի 1-ից ատոմակայանի ռեակտորի եւ թիվ 3 տուրբոագրեգատի աշխատանքը կդադարեցվի. նախարար

76

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի ռեակտորի եւ թիվ 3 տուրբոագրեգատի աշխատանքը դադարեցվելու է եւ մեկնարկելու են լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Նշենք, որ պլանավորված է, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի ս.թ. օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի  նոյեմբերի 13-ին, էներգաբլոկն առավելագույն հզորության կհասնի  ս.թ. դեկտեմբերի 1-ին:

Հիշեցնենք, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, որի շրջանակում ս.թ. ապրիլի 14-ին  կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը: Նախատեսվում է իրականացնել  տուրբոագրեգատի  վերանորոգում  եւ արդիականացում:

Նախարարի գլխավորությամբ Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի է ունեցել նաեւ աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման եւ արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքներին:

Խորհրդակցությանը մասնակցել է Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավար եւ ինժեներական անձնակազմը։

Օրակարգի մեկ այլ հարցով անդրադարձ է եղել արդիականացման միջոցառումների ծրագրին: Պատասխանատուների հավաստմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել սարքերի եւ սարքավորումների փոխարինման  աշխատանքներ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ մի շարք կազմակերպչական հարցերի, որոնց առնչությամբ   տրվել  են համապատասխան հանձնարարականներ:

Загрузка...