Զիդանը հեռացավ «Ռեալից». պաշտոնական

70

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռանում է թոիմից: Նա այդ մասին հայտարարել է այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ասուլիսի ժամանակ նա նշել է, որ թիմին փոփոխություններ են անհրաժեշտ հաջողությունները շարունակելու համար:

«Որոշել եմ չշարունակել զբաղեցնել «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչի պաշտոնը: Մի փոքր տարօրինակ պահ է, բայց այս թիմին փոփոխություն է անհրաժեշտ, որպեսզի շարունակի հաղթել, անհրաժեշտ են աշխատանքի այլ մեթոդներ, այդ պատճառով էլ նման որոշում եմ կայացրել»,- ասել է նա:

Որոշման մասին նա նախօրեին հայտնել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Վերջինս ասուլիսի ժամանակ նշել է, որ իր համար անսպասելի որոշում է եղել, շատ կցանկանար համոզել նրան մնալ, սակայն պետք է ընդունել ու հարգել մարզչի որոշումը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրա նվիրվածության, սիրո ու ան ամենի համար, ինչ այս տարիների ընթացքում արել է հանուն «Ռեալ Մադրիդի»: Սա հրաժեշտ չէ, սա ցտեսություն է, բայց նա հանգստի կարիք է զգում ու ունի դրա իրավունքը»,- ասել է Պերեսը:

Օրերս Զինեդին Զիդանը պատմական հաջողության հասավ «արքայական ակումբի» հետ: 3-րդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոների լիգայի գավաթը: Նար գլխավորությամբ «Ռեալը» դարձավ առաջին թիմը, որը մրցաշարի անվանափոխությունից հետո կարողանում է 3 տարի անընդմեջ հաղթել այդ մրցաշարում:

Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016 թ. հունվարին՝ մրցաշրջանի կեսից փոխարինելով իսպանացի Ռաֆայել Բենիտեսին, որի գլխավորությամբ թիմի խաղն անկում էր ապրում: Ընդհանուր առմամբ ֆրանսիացու ղեկավարությամբ «Ռեալը» 9 տիտղոս է նվաճել: Բացի Չեմպիոնների լիգայի 3 գավաթներից՝ «սերուցքայինները» 2016-17 մրցաշրջանում դարձել են Իսպանիայի առաջնության չեմպիոն, 2017-ին նվաճել են Իսպանիայի սուպերգավաթը, 2016-ին ու 2017-ին՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, 2016-ին ու 2017-ին նաեւ հաղթել են աշխարհի ակումբային առաջնությունում:

Սա կարող է 2017-18 մրցաշրջանից հետո «Ռեալի» միակ լուրջ կորուստը չլինել: Թիմը կարող է լքել նաեւ պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն:

Загрузка...