Գիշերը փորձել են առևանգել SOS-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբանին, ով մեքենայից դուրս է ցատկել

115

Այս գիշեր փորձել են առևանգել SOS ծրագրի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Վահե Գրիգորյանին. ինչ-որ անծանոթներ նրան հրավիրել են նստել մեքենան, ինչից հետո նա, հասկանալով, որ առևանգման փորձ է կատարվում, դուրս է ցատկել մեքենայից: Այս մասին Tert.am-ին հայտնել է Վիլեն Գայֆեջյանը:

«Թե ինչ «ուղերձներ» են հասցվել, նաև, թե արդյո՞ք Մասիսի քաղաքապետի կողմնակիցներից է, այս պահին չեմ կարող որևէ բան ասել, հաստատել: Միայն ասեմ, որ ոստիկանություն առևանգման փաստի մասին հաղորդում է տրվել, որ փորձել են առևանգել Վահե Գրիգորյանին, ով մեքենայից դուրս է թռել»,-ասաց հաղորդավարը:

Հիշեցնենք, որ SOS-ի ֆեյսբուքյան էջում գրված է. «Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկի կողմից փորձ է կատարվել առևանգել SOS-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան, Վահե Գրիգորյանին։ Ոստիկանությանը տեղեկացվել է դեպքի մասին։ Առևանգելու փորձ կատարողին, հրաման տվողին հորդորում ենք շուտափույթ գլուխը մտցնել սառը ջրի մեջ ու թռնել, թռնել ինչքան հնարավոր է հեռու ու բարձր»։

Նշենք, որ խոսքը նույն անուն, ազգանունով մեկ այլ փաստաբանի՝ Վահե Գրիգորյանի մասին չէ, ում թեկնածությունն էր առաջարկում մոտ 200 փաստաբան՝ ՍԴ անդամի պաշտոնում. վերջինս Tert.am-ին հայտնել էր, որ իրեն ոչ ոք չի առևանգել, և ինքն այդ գործի հետ որևէ առնչություն չունի:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից Tert.am-ին տեղեկացրին, որ հունիսի 8-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում, Վահե Գրիգորյանը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տրվել, որ հունիսի 7-ին՝ ժամը 22։50-ին, իրեն է զանգահարել ոմն Աշոտ և խոսելու նպատակով հանդիպում է պահանջել։ Նա նստել է Աշոտի մեքենան, ով այն վարել է անհայտ և անմարդաբնակ տեղանքի ուղղությամբ: Փաստաբանը պահանջել է կանգնեցնել մեքենան, վարորդը հրաժարվել է, ինչից հետո փաստաբանը մեքենայից դուրս է ցատկել:

Կատարվում է հետաքննություն:

 

Загрузка...