CNN-ը հրապարակել է Թրամփի եւ Կիմ Չեն Ընի ստորագրած փաստաթղթի բովանդակությունը

87

Սինգապուրում Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի ստորագրած փաստաթղթի պաշտոնական բովանդակությունը չի հրապարակայնացվում: Սակայն տեքստը երեւում է ստորագրման լուսանկարների վրա, որոնք հրապարակել է CNN-ն:

Ստորագրման արարողության լուսանկարները կատարել են AFP-ի եւ Reuters-ի թղթակիցները: Լուսանկարներում Դոնալդ Թրամփը համաձայնագրով թղթապանակը լրագրողներին շրջած է բռնել, ինչը թույլ է տալիս տեսնել փաստաթղթի տեքստը:

«Համոզված ենք, որ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ նոր հարաբերությունների հաստատումը ավանդ կլինի Կորեական թերակղզում եւ ամբողջ աշխարհում խաղաղության ու բարգավաճման համար, եւ ընդունում ենք, որ փոխվստահությունը կարող է օգնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը»,- նշված է հռչակագրի ներածականում:

Համաձայնագրի հիմնական մասը կազմված է 4 կետից: Առաջինը նոր փոխհարաբերություններին 2 երկրների հավատարմության մասին է: Երկրորդ կետում Կիմ Չեն Ընը եւ Թրամփը հայտարարել են, որ ԱՄՆ-ն եւ Հյուսիսային Կորեան հավատարիմ կլինեն Կորեական թերակղզում խաղաղության հատատմանը: Երրորդ կետում ընդգծվում է Փհանմունջոմյան համաձայնագրի կարեւորությունը, որը ապրիլի վերջին ստորագրել էին ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդները՝ տարածաշրջանի ապամիջուկայանացման գործընթացի համար: Չորրորդ կետը նվիրված է Կորեական պատերազմի տարիներին ռազմագերիների եւ անհետ կորածների մասունքների որոնմանն ու նույնականացմանը:

Սինգապուրում Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի բանակցությունները պատմության մեջ ԱՄՆ եւ ԿԺԴՀ առաջնորդների առաջին հանդիպումն է: Երկրների առաջնորդները դրական են գնահատել գագաթնաժողովի արդյունքները: Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրների առաջնորդները «որոշել են անցյալը հետեւում թողնել» եւ ստորագրել են «պատմական փաստաթուղթ»: ԱՄՆ նախագահն իր հերթին հանդիպումը «ֆանտաստիկ» է որակել եւ բարձր է գնահատել իրեն՝ Կիմ Չեն Ընին: «Նա արժանի բանակցող է: Նա խոսում է իր ժողովրդի անունից: Ես իմացա, որ նա շատ օժտված մարդ է: Ես նաեւ պարզեցի, որ նա իր երկիրը շատ է սիրում»,- հանդիպումից հետո ասել է Թրամփը:

Загрузка...