Բիզնեսի համար մաքսային ընթացակարգերը պարզ կազմակերպելու ենք՝ բացառելով կոռուպցիան. ՊԵԿ

123

Պետական եկամուտների կոմիտեում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, կարեւորելով բիզնեսի հետ պարբերական հանդիպումները, վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել եւ հետամուտ լինել ցանկացած խնդրի օպերատիվ լուծմանը:

«Մեր հիմնական առաքելությունն է մաքսային համակարգում ապահովել օրենսդրության գերակայությունն ու համահավասար կիրարկումը, բյուջեի եկամուտները, տնտեսական անվտանգությունը, մաքսային հսկողության պատշաճ իրականացումը:  Հետեւողական ենք լինելու բիզնեսի համար մաքսային ընթացակարգերի պարզ եւ անխոչընդոտ կազմակերպմանը՝ բացառելով կոռուպցիոն երեւույթները»,-շեշտել է Արա Գաբրիելյանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ էլեկտրոնային հայտարարագրի կիրառման արդյունավետության բարձրացմանը, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործմանը: Առաջարկվել է համատեղ լուծումներ գտնել բիզնեսի բարձրացրած հարցերի կարգավորման ուղղությամբ՝ շարունակական դարձնելով երկխոսության ձեւաչափով հանդիպումները:

Загрузка...