Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Մարադոնան հիվանդանոց է տեղափոխվել. լարվածությո՞ւն, թե՞ թմրանյութ

251

 Արգենտինայի հավաքականը երեկ` հունիսի 26-ին, մեծ դժվարությամբ կարողացավ կոտրել Նիգերիայի ընտրանու դիմադրությունը: Խաղի լարվածությունը միշտ բարձր մակարդակի վրա էր, ինչն էլ, ի վերջո, իր ազդեցությունն ունեցավ Արգենտինայի լեգենդի առողջության վրա: Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Արգենտինա-Նիգերիա խաղից հետո տեղափոխվեց հիվանդանոց:

Այն, որ աշխարհի կրկնակի չեմպիոնները կարող էին ժամանակից շուտ հեռանալ Ռուսաստանից, անհանգստացնում էր ֆուտբոլի սիրահարներին, քանի որ շատերն են ուզում տեսնել Լեո Մեսսիի խաղը ամբողջ առաջնության ընթացքում: Անկասկած, իր թիմի հաղթանակին հավատում էր նաև Մարադոնան, որը ամբողջ խաղի ընթացքում լարված հետևում էր խաղադաշտում տեղի ունեցող իրադարձություններին: Հետագայում պարզվեց, որ Մարադոնայի առողջության վատթարացման պատճառը թմրանյութերի գերդոզավորումն է: Բժշկական օգնություն ստանալուց հետո ֆուտբոլային լեգենդի մոտ ամեն ինչ կարգավորվել է, ու նա կկարողանա հետևել իր թիմի հաջորդ խաղին՝ արդեն 1/8 եզրափակիչում:

Արգենտինայի հավաքականը մինչև Նիգերիայի հետ խաղը, ցուցադրելով միջին մակարդակի ֆուտբոլ, կարողացավ համախմբվել ու խմբի երրորդ փուլի առաջին խաղակեսում հիանալի ֆուտբոլ մատուցեց: Հարց է ծագում, եթե այդպես կարող են խաղալ, ինչու՞ դա չէին անում նախորդ խաղերում: Համենայնդեպս արգենտինացիները արդեն շատ լավ հասկանում են, որ սխալվելու իրավունք այլևս չունեն, սխալները ուղղելու ժամանակ` նույնպես: Հիմա արդեն պարտությունը նշանակում է առաջնության ավարտ: Իսկ 1/8 եզրափակիչում մրցակիցը առաջնության հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն է լինելու՝ Ֆրանսիան:

1/8 եզրափակիչում արդեն ձևավորված մյուս զույգերից կարելի է առանձնացնել նաև Պորտուգալիա-Ուրուգվայ մրցավեճը: Քրիշտիանու Ռոնալդուի թիմը 2016 թվականին էլ Եվրոպայի առաջնություն հաղթողի հավակնորդների թվում չէր, բայց նվաճեց հին աշխարհամասի լավագույն թիմի տիտղոսը: Իսկ Ռոնալդուի ներկայությունն ու վարպետությունը միշտ էլ կարող են ոգևորել թիմակիցներին: Ուրուգվայն իր հերթին ունի աստղեր, որոնք կարող են յուրաքանչյուր խաղում լուծել հակամարտության հարցը: Այնպես, որ այս զույգի խաղը շատ հետաքրքիր պայքար է մեզ մատուցելու:

Դժվար է պատկերացնել, որ Իսպանիայի հավաքականը ռուսների հետ խաղում ֆավորիտը չէ: Խաղային մակարդակով ու արդյունքներով իսպանացիները ուժեղ են Ռուսաստանի հավաքականից: Բայց Ստանիսլավ Չերչեսովի թիմը խաղալու է սեփական հարկի տակ, ու տրիբունաները կարող են վճռորոշ դեր խաղալ: Այն, որ ռուսները տրամադրված են պայքարելու, կասկած չկա, բայց Իսպանիային հաղթելը հաստատ հեշտ գործ չէ ու ոչ բոլորին է տրված:

1/8 եզրափակիչի մյուս զույգում Խորվաթիան իր ցուցադրած խաղով ու արդյունքներով պետք է, որ առանց խնդիրների անցնի դանիական արգելքը: Խորվաթիան շատ լավ կարողանում է և՛ հարձակվել, և՛ պաշտպանվել: Իսկ դանիացիների մոտ առայժմ միայն պաշտպանվել է ստացվում: Հետևաբար խաղի ընթացքում կարծում ենք, որ Դանիայի թիմը փորձելու է խաղալ հակագրոհների մարտավարությամբ: Բայց խորվաթների կազմում կա «պրոֆեսոր» Լուկա Մոդրիչը, և նրա ստեղածագործ ֆուտբոլն ու արագ մտածելակերպը միշտ էլ ամրագրված են հիանալի վարպետությամբ: Իսկ Մոդրիչի հետ Մարիո Մանջուկիչի ու Իվան Ռակիտիչի գործողությունները կարող են թեքել հաղթանակի նժարը Զլատկո Դալիչի թիմի կողմ:

Խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները ավարտին կհասնեն հունիսի 28-ին: Հուսով ենք, որ առաջնության ամենակարևոր հատվածում կտեսնենք Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականներին, որոնք երկու խաղերից հետո դեռևս չեն ապահովել իրենց տեղը 1/8 եզրափակիչում: Իսկ Անգլիան ու Բելգիան երրորդ խաղում պարզապես վիճարկելու են խմբում հաղթողին ու իրար դեմ մրցելիս փորձելու են հասկանալ, թե ինչի են ընդունակ առաջնության վերջնամասում:

Загрузка...