Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը դասագրքերը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում

108

ՀՀ կրթության ազգային ինստիտուտի հայագիտության և սոցիալ մշակութային առարկաների բաժնի վարիչ Արամ Նազարյանը դպրոցական դասագրքերը վերանայելու և 12-ամյա պարտադիր կրթական համակարգին հարմարեցնելու կարիք է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նազարյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Մեր դասագրքերը վերանայման կարիք ունեն: Կրթական համակարգում կարևոր փոփոխություն է եղել՝ 2017-ից անցել ենք պարտադիր 12-ամյա միջնակարգ կրթական համակարգին: Սակայն հանրակրթության բովանդակությունը մնացել է նույնը, այսինքն՝ 9+3 տարբերակով և նախկին բովանդակության կառուցակարգով: Սակայն պետք է փոխել առարկաների չափորոշիչները, ծրագրերը, որոնց հիման վրա են գրվում դասագրքերը»,-ասաց Նազարյանն ու հավելեց, որ մինչ այդ ընթացակարգը չավարտեն, չեն կարող դասագրքերը վերանայել կամ լիովին փոխել:

Նրա խոսքով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և կրթության ազգային ինստիտուտի առաջնահերթ խնդիրն է հնարավորինս շուտ ավարտին հասցնել սկսած գործընթացը, առարկայական նոր չափորոշիչներ սահմանել ու նոր ծրագիր կազմել: Դրանից հետո կլինի դասագրքերի մրցույթ, և կներկայացվեն նոր բովանդակության դասագրքեր:

Թե ինչպիսին կլինի տարբեր առարկաների դասագրքերի բովանդակային բաշխումն ըստ տարիների, ցույց կտան մասնագետների և նախարարության համատեղ քննարկումները:

Загрузка...