Ապրիլին ՀՀ բանկերից «փախած» ավանդները մայիսին վերադարձել են բանկային համակարգ

103

Ինչպես տեղեկացրել էինք, 2018 թվականի ապրիլին՝ մարտի համեմատ, Հայաստանի 17 առևտրային բանկերի ավանդները (ժամկետային ավանդներ և ցպահանջ հաշիվներ) զգալիորեն նվազել էին։

Այսպես, եթե մարտի վերջի դրությամբ ավանդների ծավալը 2 տրլն 643.2 մլրդ դրամ էր, ապա ապրիլի վերջին այդ ցուցանիշը նվազել էր մինչև 2 մլրդ 539.4 մլրդ դրամ։ Այսինքն, մեկ ամսվա ընթացքում ավանդները նվազել էին 103.8 մլրդ դրամով (3.9%-ով)։

Այդ թվում, ռեզիդենտների ժամկետային ավանդների և ցպահանջ հաշիվների ընդհանուր ծավալը ապրիլի ընթացքում նվազել էր 45.1 մլրդ դրամով, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ 58.7 մլրդ դրամով։ Նվազել էին հիմնականում արտարժույթով պահվող ժամկետային ավանդները։

Հիշեցնենք, որ ավանդների դուրս բերումը պայմանավորված էր Թավշա հեղափոխության գործոնով և սկիզբ էր առել ապրիլի 22-23-ին։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, սակայն, նշել էր, որ մայիսին ավանդները սկսել են վերականգնվել և շուտով կհասնեն նախկին մակարդակին։

Այժմ հրապարակվել են 2018 թվականի մայիսի տվյալները, որոնք հաստատում են ԿԲ նախագահի խոսքերը։

Մայիսի վերջին առևտրային բանկերի ժամկետային ավանդների ու ցպահանջ հաշիվների ծավալը կազմել է 2 տրլն 616.7 մլրդ դրամ, ինչը 77.3 մլրդ դրամով գերազանցում է ապրիլի վերջի ցուցանիշը։ Այսպիսով, կարող ենք ասել, որ ապրիլի ընթացքում դուրս բերված ավանդները 76%-ով վերականգնվել են և ամենայն հավանականությամբ հունիսին կհասնեն նախահեղափոխական վիճակին։

Ուշագրավն այն է, որ ավանդների աճը հիմնականում պայմանավորված է ոչ ռեզիդենտ ավանդատուների գործոնով։ Մայիսի ընթացքում ոչ ռեզիդենտների ավանդներն աճել են 68.4 մլրդ դրամով և կազմել 541.2 մլրդ դրամ, ինչը բարձր է մարտի վերջի ցուցանիշից։ Այսինքն, ոչ ռեզիդենտների գծով ավանդները ոչ միայն վերականգնվել են, այլ անգամ գերազանցել նախահեղափոխական մակարդակը։ Աճը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է արտարժութային ավանդների աճով։

Ռեզիդենտների ավանդները մայիսի ընթացքում աճել են շուրջ 9 մլրդ դրամով և կազմել 2 տրլն 75.6 մլրդ դրամ։ Ընդ որում, դրամային ավանդներն աճել են 22.4 մլրդ դրամով, իսկ արտարժութային ավանդները նվազել 13.5 մլրդ դրամով։

Այդ թվում, տնային տնտեսությունների՝ արտարժույթով ժամկետային ավանդները շարունակել են նվազել նաև մայիսի ընթացքում 21.7 մլրդ դրամով և կազմել 812.4 մլրդ դրամ։

Загрузка...