Որևէ պաշտոնատար անձի սեփական կարծիք չի կարող դրվել քրեական դատավարության հիմքում․ Գևորգ Պետրոսյան

68

Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադառնալով նախօրեին «Օլիմպավանում» միջադեպի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացու կնոջ հայտարարությանն, ասաց, որ ամեն երրորդը կարող է հանրապետությունում նման վնասվածքներով ման գալ և ինքը չի կարծում, որ դա համապատասխանում է իրականությանը: Այս թեմայով Slaq.am-ը զրուցեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ, ով ասաց, որ որևէ պաշտոնատար անձի սեփական կարծիք չի կարող դրվել քրեական դատավարության հիմքում։

«Գոյություն ունեն ապացույցներ, ապացուցված միջոցներ, այս պահի դրությամբ փաստն այն է, որ ենթադրյալ տուժողը, ինչու եմ ասում ենթադրյալ, որովհետև դեռ որևէ փորձաքննություն չի իրականացվել , որևէ մարմնական վնասվածքի վերաբերյալ տեղեկատվություն չկա, եթե տուժողը հայտարարել է, որ ինքն ընկել է, տուժողի մերձավորը հայտնում է, որ տուժողը ընկել է, անզգույշ սխալ է արել և վնասվել, և այս կամ այն պաշտոնատար անձ, բնականաբար, կարող է իր տեսակետը հայտնել, բայց որքանով կարող է այդ տեսակետը դրվել դատավարության մեջ, ինձ թվում է, որ քննչական մարմինները պետք է ղեկավարվեն ոչ թե պաշտոնատար անձանց ենթադրություններով, այլ՝ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգով։ Չկա տուժողի բողոք, չկա մարմնական վնասվածքի վերաբերյալ եզրակացություն և մարդուն պահում են անազատության մեջ, սա որքանո՞վ է համահունչ վերջերս ոլորտի օրինականության պատասխանատուների հայտարարություններին առ այն, որ մենք պետք է հնարավորինս ձեռնպահ մնանք մարդկանց առանց հիմնավոր պատճառների ազատությունից զրկելուն և այսօր՝ ընդամենը մի քանի օր անց, ոլորտի պատասխանատուներն իրենց հայտարարություններին հակառակ վարքագիծ են դրսևորում և այստեղ տպավորություն կարող է լինել, որ մենք գործ ունենք ոչ թե իրական արդարադատության, այլ՝ ենթադրություներին տեղիք տվող փնտրտուքների հետ։ Համենայն դեպս հարգանքով վերաբերվելով արդարադատության համակարգին՝ հույսով եմ, որ դատարանը իր բարձրության վրա կգտնվի և որոշում կկայացնի՝ ելնելով գործի իրական հանգամանքներից, փաստերից, այլ ոչ թե՝ պաշտոնատար անձանց ենթադրություններից» ։

Խոսելով տուժողի այն հայտարարության մասին, թե իբր ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորը նշեց․

«Տուժողի ցուցմունքը ճիշտն ասած չեմ տեսել, միայն ծանոթ եմ տուժողի այն հայտարարությանը, որ իրենց միջև որևէ միջադեպ չի եղել, որ ինքը շատ բարի-դրացիական հարաբերությունների մեջ է պարոն Ծառուկյանի հետ, այդ թվում նաև ընտանեկան, ընկերական և դա պարզապես միջադեպ է՝ ոչ որևէ մի այլ անձի մասնակցության, ինքը կոպիտ շրջադարձ է կատարել, սայթակել, ընկել է և վնասվել, և եթե տուժողն էդպես է ասում, ապա որևէ մեկը չի կարող տուժողի փոխարեն այլ հայտարարություն անել։ Մենք պետք է հիմք ընդունենք նրա, և իր կնոջ հայտարարությունները»։

Հիշեցնենք,որ նախօրեին «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպից հետո ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որից հետ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը։

 

Նյութի աղբյուր՝ slaq.am

Загрузка...