Գագիկ Ծառուկյանի հետ ես ոչ մի անգամ վեճ չեմ ունեցել․ Գրիգոր Գրիգորյան

58

«Իմ կյանքում երբեք ոչ ոք ինձ վրա ձեռք չի բարձրացրել եւ չէր էլ կարող բարձրացնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ)`անդրադառնալով այն տեղեկություններին, որ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը ժամանակին իրեն էլ է ծեծել և խոշտանգումների ենթարկել: Ըստ հրապարակված տեղեկությունների, 2014 թվականի մայիսին Գրիգոր Գրիգորյանը հենց այդ պատճառով էր լքել ԲՀԿ-ն: Հիշեցնենք, այն ժամանակ Գրիգոր Գրիգորյանը ԲՀԿ-ն լքելու իր քայլը պարզաբանեց առողջական խնդիրներով: Խոսակցություններ կան, որ նա այդ ժամանակ իսկապես առողջական խնդիրներ է ունեցել եւ 15 օր անցկացրել է հիվանդանոցում, բայց հենց Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի եւ խոշտանգումների արդյունքում:

Ըստ լուրերի, կուսակցական մի հավաքի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայհոյել է Գրիգոր Գրիգորյանին, վերջինս էլ նրան հայհոյանքով է պատասխանել, ինչն էլ առիթ է դարձել Գրիգորյանի եւ Բաբայանի «առճակատման»: Այս ամենը Գրիգոր Գրիգորյանը համարում է «մատից ծծած եւ հիմար» լուրեր: Ինքը չգիտե`ովքե՞ր եւ ի՞նչ նպատակով են շրջանառում նման լուրերը: Վերահաստատում է, որ 2014 թվականին ինքը ԲՀԿ-ից իրականում դուրս է եկել առողջական խնդիրների պատճառով: Չի մանրամասնում, թե հատկապես ի՞նչ առողջական խնդիրների մասին է խոսքը:

«Էդիկ Բաբայանի հետ շփվելու ընթացքում, բացի «ջան»-ից ես իրենից այլ բան չեմ լսել: Գագիկ Ծառուկյանի հետ էլ ես ոչ մի անգամ վեճ չեմ ունեցել`ոչ առանձին, ոչ էլ մասսայական`կուսակցական նիստի ժամանակ: Մենք ընկերներ են»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը`պատասխանելով հարցին`գուցե լեզվակռիվներ, անհամաձայնություններ են ունեցել, ինչը հիմք է տվել նման խոսակցությունների:

«Երբեք, ոչ ոք ինձ վրա ձեռք չի բարձրացրել ու չէր էլ կարողանա`ով ուզում է լիներ, անպատիժ ձեռք բարձրացնել ինձ վրա… ես էլ լռեի…Չգիտեմ ի՞նչ քաղաքական խնդիրներ են լուծում կամ առհասարակ ի՞նչ խնդիրներ են լուծում, բայց այդ ամենն ինձ հետ կապելն անհնարին է: Ոչ Էդիկ Բաբայանը, ոչ էլ մեկ այլ մարդ երբեք ինձ վրա ձեռք չի բարձրացրել: Ինձ չճանաչող մարդը միայն կարող է նման բան ասել, գրել»: Հիշեցնենք, Էդուարդ Բաբայանն օրերս ձերբակալվեց: Նա կասկածվում է դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու մեջ:

Նյութի աղբյուր՝ aravot.am

Загрузка...