Կեղծ ավարտական դիպլոմներ են դուրս գրվել Վարդենիսի բուհում․ բացահայտում

393

Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում ԲՈՒՀ-ի ռեկտոր Նիկողոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել եւ հետաքրքիր փաստեր է պարզվել։

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գասպարյանի` 2009 թ. օգոստոսի 31-ի հրամանով մի քաղաքացի ձեւակերպվել է որպես պատմության ֆակուլտետի ուսանող։

Նա փաստացի ուսման վարձ չի վճարել, դասընթացների չի մասնակցել, քննություններ կամ ստուգարքներ չի հանձնել։ Սակայն 2009-2015 ուսումնական տարիների ընթացքում՝ հաշվառման մատյաններում, քննական եւ ստուգողական տեղեկագրերում, ընկերության հրամանագրքում եւ բարձրագույն կրթության դիպլոմների բաշխման մատյանում լրացվել են կեղծ տվյալներ, արդյունքում՝ քաղաքացու անվամբ դուրս է գրվել կեղծ ավարտական դիպլոմ։

Բացի այդ, պարզվել է, որ Նիկողոս Գասպարյանը 2014-2018 թվականներին ուսանողներից գանձած ուսման վճարների մի մասը չի մուտքագրել ԲՈւՀ-ի դրամարկղ եւ խուսափել է հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից։ Հարկային մարմիններին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու արդյունքում, նախնական հաշվարկով, 2015-2017 հարկային տարիների ընթացքում շահութահարկի մասով պետությանը պատճառվել է շուրջ 6.230.000 դրամի վնաս։

Հուլիսի 14-ին փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Քննությունը շարունակվում է։

Загрузка...