ՀԲՖ անդամները դրական կարծիք արտահայտեցին բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածուի մասին

70

Ուկրաինայի հավաքականի նախկին բռնցքամարտիկ Հովհաննես Հովսեփյանը կառաջադրի իր թեկնածությունը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար։
Հիշեցնենք, որ այն թափուր է մնացել Արթուր Գևորգյանի լիազորությունների դադարեցումից հետո:
Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամների հետ հանդիպման ընթացքում  Հովհաննես Հովսեփյանը ներկայացրեց  իր ծրագրերը վստահեցնելով, որ այս պաշտոնը ցանկանում է զբաղեցնել մեկ նպատակով` առավելագույնն ու լավագույնն անելու համար:
Հանդիպումից հետո Realnews.am-ը զրուցեց բռնցքամարտի ֆեդերացիայի մի քանի անդամների հետ, ովքեր դրական կարծիք հայտնեցին ֆեդերացիայի նախագահի թեկնածուի վերաբերյալ։ Մասնավորապես՝ բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը կարևորեց այն հանգամանքը, որ թեկնածուն նախկին բռնցքամարտիկ է, մոտ է կանգնած բռնցքամարտին և նախկինում ևս իր ներդրումն է ունեցել բռնցքամարտի զարգացման մեջ։
Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ,  մարզիչ Ռաֆայել Մեհրաբյան էլ նշեց, որ թեև մի քանի օր է, ինչ ճանաչում է Հովսեփյանին, սակայն վստահ է, որ իր տրված բոլոր խոստումները նա կատարելու է։
Ֆեդերացիայի մեկ այլ  անդամ՝ Լյովա Հովհաննիսյան էլ կարևորեց Հովհաննես Հովսեփյանի՝ 300.000 դոլար ներդրում կատարելու պատրաստակամությունը, նշելով, որ այդ գումարը ներդնելը մեծ օգնություն կլինի բռնցքամարտի զարգացմանը։

Նրանք նաև շեշտեցին, որ ընտրությունները մոտ ապագայում է  լինելու և  դեռ ոչինչ որոշված չէ և եթե նա ընտրվելուց հետո իր խոստումները կատարի, ապա դա նպաստելու է Հայաստանում բռցքամարտի զարգացմանը։

Հավելենք նաեւ, որ ՀԲՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա օգոստոսի 4-ին։

Загрузка...