Ուժեղ կարկուտը վնասել է Ախալքալաքի 14 գյուղերի դաշտեր

238

Ջավախքի Ախալքալաքի շրջանում հուլիսի 20-ի երեկոյան տեղած ուժեղ կարկուտը վնասել է 14 գյուղերի գյուղատնտեսական ցանքեր, հաղորդում է Jnews.ge-ն:

Նախնական տվյալներով, ամենից շատ տուժել են Մուրջախեթ, Աբուլ և Խոսպիո գյուղերի բնակիչները:

Կարկուտն ամբողջովին ոչնչացրել է դաշտերը, շատ դեպքերում դրանք անհնար է վերականգնել: Ծաղկող դաշտերից միայն մնացել են ցողունները, որոնք շուտով ամբողջությամբ կչորանան:

Տարբեր պատճառներով շատ ֆերմերները չեն ապահովագրել իրենց դաշտերը:

Տեղական իշխանության ղեկավարներն այցելել են կարկտահարված դաշտեր: Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, նրանք ստեղծել են հանձնաժողովներ և դրանք ուղարկել երկու ուղղություններով:

«Ես արդեն տեղեկացրել եմ նահանգապետարան, գյուղատնտեսության նախարարություն, տեսնենք, թե ինչ կասեն: Բայց մտածել, թե նրանք պարտավոր են օգնել,  այդպես չէ: Նրանք արդեն իսկ տրամադրել են գումարներն ապահովագրական ընկերություններին: Իսկ այն, ինչ մեզնից կախված է, մենք կանենք»,- ասել է Յուրիկ Ունանյանը:

Загрузка...