«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի՝ պետությանը հասցված վնասը գնահատվել է շուրջ 545 միլիոն դրամ

67
Առողջապահության նախարարության ենթակա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում ԱՆ կողմից անցկացվող ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով` 2016-2018թ-.թ. ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցված ընդհանուր վնասը գնահատվել է շուրջ 545 մլն դրամ:
Ուսումնասիրության միջանկյալ արդյունքներն ուղարկվել են դատախազություն՝ իրավական գնահատական տալու եւ անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցելու համար։
Ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով պարզվել է հետեւյալը.
1. Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնություն
Սոցփաթեթի շահառուներն արտահիվանդանոցային պայմաններում անցնում են ամենամյա կանխարգելիչ բժշկական քննություն: Գրեթե բոլոր շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունները ձեւակերպվել են որպես հիվանդանոցային բժշկական օգնության թերապեւտիկ դեպքեր: Ուսումնասիրող հանձնաժողովի կողմից իրականացվել են մի շարք հեռախոսազանգեր, որոնց ի պատասխան՝ գրեթե բոլոր շահառուները հայտնել են, որ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն չեն ստացել, այլ միայն հետազոտվել են: Մասնավորապես.
1) 2016թ. համար ուսումնասիրվել է  հիվանդանոցային 3027 դեպք, որից 2145 (71 տոկոս) դեպքը ենթակա չէր պետական բյուջեից վճարման: Պետական բյուջեի վնասը գնահատվել է 423,4 մլն դրամ: 
2) 2017թ. համար ուսումնասիրվել է  հիվանդանոցային 350 դեպք, որից 244 (70 տոկոս) դեպքը ենթակա չէր պետական բյուջեից վճարման:  Պետական բյուջեի վնասը գնահատվել է 20,8 մլն դրամ:
2. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ
Կազմակերպության պոլիկլինիկայում առկա մատյաններում գրանցված լաբորատոր-գործիքային հետազոտությունների քանակներից ավելի ներկայացված հաշվետվությունների արդյունքում պետբյուջեի վնասը գնահատվել է շուրջ 72,6 մլն դրամ:
3. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն
Ծառայությունում բացակայում են ստոմատոլոգիական ամբուլատոր քարտերը, բժշկական օգնության փաստաթղթային հիմնավորվածությունները, պացիենտների անձնագրերի պատճենները, սակայն նշված դեպքերը կազմակերպության կողմից ներկայացվել են հատուցման: Արդյունքում պետական բյուջեի վնասը գնահատվել է շուրջ 23,1 մլն դրամ:
4.Վերակենդանացման ծառայություն
Ծառայությունում ուսումնասիրվել է 120 դեպք` ընդհանուր 24,5 մլն դրամ գումարով: Առանձին դեպքերում կազմակերպությանը վճարվել են վերակենդանացման միջոցառումներ չպահանջող հիվանդությունների եւ վիճակների բժշկական օգնության դեպքերի համար: Արդյունքում պետական բյուջեի վնասը գնահատվել է շուրջ 5,0 մլն դրամ:
Միաժամանակ կազմակերպությունում առկա են բժշկական օգնության իրականացման կազմակերպման համար հաստատված չափորոշիչների (կազմակերպության աշխատակիցների աշխատանքի վարձատրման չափորոշիչի խախտումներ, հաստատված հաստիքացուցակների եւ փաստացի դրույքաչափերի անհամապատասխանություններ, վառելիքի ծախսի խախտումներ)  եւ գնումների մասին օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ։
Ուսումնասիրությունները շարունակվում են: Տեղեկությունը տարածել է ՀՀ առողջապահության նախարարությունը
Загрузка...