ԱՆ-ն կոչ է արել Սեւանում չլողալ միայն այնտեղ, որտեղ ջրի ծաղկում կա. Լիանա Թորոսյան

74

Նախարարության՝ Սեւանա լճում չլողալու կոչը վերաբերում էր միայն այն ափերին, որտեղ ջրիմուռներ են աճել: Այս մասին օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես հասկանալ ԱՆ կոչը, եթե առողջապահության նախարարն ինքը «ուղիղ եթերում» լողում է լճում:

«Մենք կոչ ենք արել չլողալ միայն այնտեղ, որտեղ ջրի ծաղկում է դիտվում, քանի որ ցիանոբակտերիաները կամ կապտականաչավուն ջրիմուռները մարդկանց եւ կենդանիների համար թունավոր են»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Սեւանա լճի ջրին, մասնագետի խոսքով՝ իրենց ծառայությունը մշտապես դիտարկում է անցկացնում, եւ մինչեւ այսօր նորմայից շեղումներ չեն եղել:

Նա նշեց, որ կապտականաչավուն ջրիմուռները թափառող են, դրանք տեղաշարժվում են, եւ ներկայումս լճափի մի հատվածը դրանով է ծածկված, սակայն մյուս մասերը մաքուր են:

«Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնը Սեւանա լճում լողալու հետ կապված հիվանդությունների մասին ահազանգեր չի ստացել»,- ասաց Լիանա Թորոսյանը:

Загрузка...