Տավուշի, Սյունիքի եւ Լոռու մարզերում կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունների համար կտրվի1 մլն դոլարի դրամաշնորհ

111

Տավուշի, Սյունիքի եւ Լոռու մարզերում կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունների համար կտրվի1 մլն դոլարի դրամաշնորհ

«Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության կատարելագործում» ծրագրով Հայաստանին կտրամադրվի 1 մլն դոլարի դրամաշնորհ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, կառավարության նիստում ներկայացնելով ՀՀ-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության կատարելագործում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծի մասի» հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա իր խոսքում նշեց, որ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից hայտարարված մրցույթի արդյունքում 2017 թ. հաղթող է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության կատարելագործում» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր):

«Դրա շրջանակներում Հայաստանին տրամադրվելու է 1 մլն դոլարի դրամաշնորհ:

Ծրագրի նպատակն է սահմանամերձ ՀՀ Տավուշի, Սյունիքի եւ Լոռու մարզերում իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ՝ կանխարգելելու կանանց մոտ կրծքագեղձի չարորակ նորագոյացությունները:

Հետազոտությունները նախատեսվում  են իրականացնել կանանց 50-69 տարիքային խմբում՝ ապահովելով առնվազն 50% ընդգրկվածություն (շուրջ 26 հազար հետազոտություն)»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, ծրագրով նախատեսված է ձեռք բերել շարժական մամոգրաֆ, շարունակական բժշկական կրթության գործառույթներ և այլն:« Ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում՝ հետագայում շարժական մամոգրաֆի միջոցով կարելի է իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություններ ՀՀ ողջ տարածքում: Մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտությունների միջոցով կարելի է վաղ շրջանում հայտնաբերել քաղցկեղն ու կանխարգելել հիվանդության զարգացումը: Սքրինինգային հետազոտությունները նպաստում են, ինչպես հիվանդացության, այնպես էլ մահացության ցուցանիշների նվազեցմանը՝ մասնավորապես աշխատունակ տարիքի բնակչության շրջանում:

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարության կողմից` ի դեմս ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի:

Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագրի հաստատումը ՀՀ Նախագահի կողմից համարվում է նպատակահարմար»,-ասաց առողջապահության նախարարը:

Նախագիծն ընդունվեց:

Նշենք, որ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում գրավում է առաջին տեղը՝ քաղցկեղային հիվանդությունների շարքում: Վերջին տարիներին նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ՝ մասնավորապես  2010թ.-ին  կյանքում առաջին անգամ հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղով կանանց թիվը կազմել է 982, իսկ 2014թ.-ին 2015թ.-ին եւ 2016թ.-ին  արձանագրվել է համապատասխանաբար 1,210, 1,093  եւ 1,039 դեպք:

Загрузка...