ԿԽՄԿ-ի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերեվարված Կարեն Ղազարյանին

85

Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայցուցիչներն այցելել են ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց, այդ թվում՝ վերջերս հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Ղազարյանին: Այս մասին տեղեկացրեց Երևանում ԿԽՄԿ խոսնակ Գոհար Տեր-Հակոբյանը:

«Համաձայն մեր հանձնագրի՝ մենք այցելում ենք ազատազրկվածներին՝ դիտարկելու ազատազրկման պայմանները և նրանց հետ վարվելակերպը և օգնելու նրանց կապ պահպանել հարազատների հետ»,- ասաց նա:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե իբր Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին, չեն համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն են:

«Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել « հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել էր Աշոտ Ահարոնյանը:

Загрузка...