Արագածոտնի Ավան համայնքի 90 ընտանիք ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ կունենա որակյալ ջուր (ֆոտո)

54

Արագածոտնի մարզի Ավան համայնքի 90 ընտանիք այսուհետև ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ կունենա որակյալ ջուր:

Հայաստանի փոքր եվ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից հայտնում են, որ 280 տնտեսություն ունեցող համայնքում մոտ 60 տարի առաջ կառուցված ջրագիծն արդեն մաշվել և հնացել էր, և Ավանի ղեկավարությունը, հանդիպելով Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ, առաջարկեց վերակառուցել այն: Համայնքի ղեկավարությունը, բարձրաձայնելով խնդրի մասին, նաև պատրաստակամություն էր հայտնել ջրագծի վերակառուցման գործում կատարել սեփական ներդրում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում վերակառուցեց հին ջրագծի ջրամբարը, անցկացրեց նոր խողովակներ: Նախագծի իրականացման շնորհիվ գյուղի 90 ընտանիքի կեսնամակարդակը զգալիորեն կբարելավվի: Նոր ջրագծից եկող ջուրը ավանցիները կօգտագործեն անասնաբուծության, հողագործության և կենցաղային կարիքները հոգալու համար:

2017թ. Ավան համայնքում հիմնվել է մթերման կայան, որը համայնքի բնակիչներից գյուղմթերքը գնում է Երևանի մանրածախ շուկայական գներով՝ հնարավորություն ընձեռելով մեծացնել եկամուտները: Մինչև ջրագծի վերանորոգումը նշված 90 ընտանիքները ջրի բացակայության պատճառով չէին կարողանում համագյուղացիների նման զարգացնել գյուղատնտեսությունը:

Նախնական գնահատականով, նախագծի շնորհիվ այդ ընտանիքների եկամուտը կհասնի ամսական մինչև 500 հազար դրամի: «Նախագծի իրականացման շնորհիվ ջրով արդեն ապահովված կլինի համայնքի բնակիչների 80%-ից ավելին, ինչպես նաև կավելանա կենդանիների մթերատվությունը և այգիների բերքատվությունը»,-ասաց Ավանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հին ջրագծից ջրի կարուստը հասնում էր մինչև 70%-ի:

Ընդհանուր առմամբ, 2013թ. օգոստոսից մինչև 2018թ. հուլիսի վերջը «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում իրականացվել է 40 ենթակառուցվածքային ծրագիր, ևս երկուսն ընթացքի մեջ է:

Ենթակառուցվածքների զարգացումը USAID/PRP ծրագրի բաղադրիչներից մեկն է: Մյուս բաղադրիչներն են տեղական տնտեսական զարգացումը և բնության պահպանումը:

Загрузка...