Առաջիկայում ի հայտ կգան նոր բացահայտումներ Վյաչեսլավ Հարությունովի գործի մասին

234
Թվում էր, թե նոր իրողությունում «կեղծ դատաբժշկական փորձաքննություն» հասկացությունը պետք է այլևս անցյալում լիներ: Ավելին, պետք է ուղղակի բացառվեր կեղծ դատաբժշկական եզրակացության հիման վրա արդարադատության իրականացումը: Բայց կան դեպքեր, որոնք հակառակն են վկայում:
Այսօր, օրինակ, մարդուն կարող են կալանավորել և կալանքի տակ պահել կեղծ դատաբժշկական փորձաքննության եզրակացոության հիման վրա, այն դեպքում երբ կան այդ ամենը հերքող ակնհայտ փաստեր:
Վյաչեսլավ Հարությունովին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով այժմ կալանքի տակ է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: Վերջինս մեղադրվում է Հարությունովին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Ըստ դատաբժշկական փորձաքննության կոտրվել է Հարությունովի կողոսկրը, ծակվել է թոքը, նա ստացել է բազմաթիվ հարվածներ, ունեցել է այլ կոտրվածքներ, ուղեղի ցնցում և այլ «սարսափելի» վնասվածնքեր:
Այս նկարագրությունից հետո թվում է, որ Հարությունովը պետք է շաբաթներ շարունակ գամված լիներ անկողնուն, մինչև այժմ պետք է գտնվեր հիվանդանոցում, մարդկանց հետ հաղորդակցվելու խնդիրներ ունենար, շարժվեր միայն հաշմանդամի սայլակով, չկարողանար խոսել, քայլել և այլն:
Եզրակացությանը ծանոթանալուց հետո առհասարակ այլ բան չի մնում մտածել, քան այն որ դատաբժիշկը պարզապես սարսափ ֆիլմերի սիրահար է եղել, քանզի իրականությունն ու փաստերն այնքան բացահայտ են, որ այդ ամենն այլ կերպ ներկայացնելը ֆանտաստիկայի ժանրից է: Եվ այսպես Հարությունովը հենց դեպքի հաջորդ օրը հերքել է, որ ընդհանրապես որևէ ծեծկռտուք է եղել, նշելով, որ թեթև վնասվածքներ է ստացել վայր ընկնելու պատճառով: Դեպքից ընդամենը 2 օր հետո դուրս է գրվել հիվանդանոցից, նույն օրը հարցազրույց տվել բազմաթիվ լրագրողների, ապա նույն երեկո ժամերով ոտքի վրա կանգնած սպասել դատարանի առջև, զրուցել մարդկանց և լրագորղների հետ, ընդ որում խոսել է նորմալ ձայնով, ինչը անհնար էր ծակված թոքի դեպքում, և թևերի ակտիվ ժեստերով ու շարժումներով, ինչը անհնար է կոտրված կողոսկրի պարագայում: Իսկ ներկաները հատկապես նկատել են, որ նրա դեմքի վրա չի եղել որևէ կապտուկ, անգամ որևէ թեթև քերծվածք կամ բիծ, ինչը «ծանր մարմնական վնասվածքներով» ծեծի պարագայում ուղղակի անհնար էր: Այս ամենը վկայող տեսանյութերը այժմ համացանցում են և հասանելի են բոլորին:
Այս ամենից հետո հարց է առաջանում, ինչպե՞ս կարող է ծեծված, կոտրվածքներ և ուղեղի ցնցում ստացած, կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «քացու տակ քցած» մարդը երկորդ օրն արդեն լիակատար առողջ մարդու պես խոսեր, շարժվեր, իրար հետևից մի քանի հարցազրույցներ տար լրագրողներին:
Այստեղից հետևություն է պետք անել, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ուղղակի կեղծ է և ծիծաղելի: Որևէ փորձագետ, բժիշկ կամ դատաբժիշկ չի կարող ընդունել նման եզրակացությունը, երբ «ծանր մարմնական վնասվածքներ» ստացած մարդը այսպես ազատ ու անկաշկանդ խոսի ու շարժվի: Եվ այս ամենը արվում է մարդուն հանիրավի կալանքի տակ պահելու համար:
Կարծում եմ հանրությունը պետք է անուն-ազգանունով ճանաչի այն դատաբժիշկներին, ովքեր կեղծ եզրակացություն են տալիս՝ մարդ կալանավորելու համար, և պետք է պահանջի նրանց ենթարկել օրենքով սահմանված խիստ պատասխանատվության: Ավելին, պետք է պատասխանատվության ենթարկվի ոչ միայն դատաբժիշկը, այլև այն անձինք, ում հրահանգով տրվել է նման եզրակացություն, այն ամբողջ համակարգը, որը պատվիրում է նման կեղծ եզրակացություններ և դրանց հիման վրա քրեական գործեր հարուցում:
Հ.Գ. Ըստ լավատեղյակ աղբյուրների առաջիկայում կլինի հայտարարություն, որը կտա բազմաթիվ հարցերի պատասխանները, ընդհուպ թե որն է այս ամենի իրական դրդապատճառը: Իսկ մինչ այդ կոչ եմ անում հանրությանը քննչական մարմնի կողմից ներկայացվող փաստերը չընդունել որպես անվիճելի իրականություն:

 

Загрузка...