«Խոստացել եմ ասել ձեզ ճշմարտությունը, ասում եմ». հրապարակվել է Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերի ֆիլմն Ադրբեջանի մասին (տեսանյութ)

54

Վերջերս Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մովսեսով) իր յութուբյան ալիքում հրապարակել է «Вся правда об Азербайджане. История конфликта» («Ամբողջ ճշմարտությունն Ադրբեջանի մասին. կոնֆլիկտի պատմությունը») վերնագրով Ադրբեջանի մասին ֆիլմը:

«Խոստացել եմ ասել ձեզ ճշմարտությունը, ասում եմ: Հնարավոր է՝ այս տեսահոլովակի պատճառով ավելի շատ խնդիրներ կունենամ՝ չնայած Ամերիկա չեմ հայտնագործում: Ինչպես հասկացաք՝ այժմ ապրում եմ Երևանում: Տեսահոլովակի անվանումը չի փոխանցի այն ամենը, ինչ տեղի է ունենում, սակայն ես փորձեցի գոնե մասամբ փոխանցել դա: Կարդացե՛ք տողերի արանքում: Այս տեսահոլովակը կարող է հարվածի տակ ընկնել, սակայն այդ կերպ նրանք ևս մի անգամ կապացուցեն, որ ես ճիշտ եմ: Սա կոնֆլիկտի և ադրբեջանցիների մոտ իմ անձնական ուղևորության պատմությունն է, ավելի ճիշտ՝ այդ ուղևորության հետևանքները:

Հույս ունեմ՝ սա ավարտն է: Այս թեման այլևս չի հետաքրքրում ինձ: Կարճ ասած՝ սիրտս խառնում է: Շուտով ամեն ինչ կհարթվի: Գրկում եմ բոլորիդ»,- գրել է բլոգերն իր յութուբյան էջում:

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ֆիլմին՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են Վլադ Մովսեսովին՝ Ադրբեջան այցելելու «հանդգնություն ունենալու» և իր ծնողների տունը գտնելու համար:

«Գաղտնիք չէ, որ ադրբեջանցիներն ընդհանրապես իրենց երկիր չեն թողնում ցանկացած երկրի անձնագիր ունեցող հայազգի քաղաքացիների: Ինչո՞ւ: Սա մաքուր ռասիզմ է: Նրա ընտանիքը ծագումով Գյանջայից է (Կիրովաբադ) և փախել է այնտեղից Ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո: Այս այցելության համար նրան որոշել են ուղղակի սպանել»,- գրել է նա:

Լապշինը նաև նշել է, որ նրան հետապնդել են նաև Մինսկում՝ իր տան մոտ՝ հարցուփորձ անելով հարևաններին, թե որտեղ կարելի է գտնել բլոգերին:

«Երիտասարդին հաջողվել է այնտեղից փախչել Հայաստան, ինչը ճիշտ ժամանակին էր, քանի որ Բաքվի հետապնդումներին էին միացել բելառուս ԿԳԲ-ականները (ՊԱԿ), որոնք սնվում են կասպյան նավթային դրամարկղից: Մի խոսքով, ահա նրա ֆիլմը: Պարզապես շոկ է», – եզրափակել է Լապշինը:

Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերն իր յութուբյան ալիքում հրապարակել էր տեսաուղերձ՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել իր նկատմամբ:

 

 

Загрузка...