Գործազրկության մակարդակը շարունակում է անբնական բարձր մակարդակի վրա մնալ՝ բնական մակարդակից 3 անգամ բարձր. Ատոմ Մարգարյան

285

Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ թվում է, թե արդյունավետ է, բայց այն ինստիտուցիոնալիզացված չէ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

«Պետք է ձևավորվի կառույց, և այդ կառույցը պետք է լինի առաջատարը, ոչ թե ուժային համակարգը, հատկապես՝ ԱԱԾ-ը: Նույնիսկ Սահմանադրությամբ նախատեսված է հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ձևավորում՝ որոշակի գրաֆիկով, ժամանակահատվածում»,- նշեց Ա. Մարգարյանը:

Ինչ վերաբերում է տնտեսվարողների այն հայտարարություններին, որ հարկային մուտքերն առաջին կիսամյակում եղել են «հարկային տերորի» հաշվին, Ատոմ Մարգարյանն ասաց. «Կառավարությունը հայտարարում է, որ հիմնական առաջնահերթությունը հակակոռուպցիոն և ստվերի դեմ պայքարն է, բնական է՝ բողոքներ պետք է լինեն տնտեսվարողների կողմից, հատկապես՝ խոշորների:

Այն, որ վերջին ամիսներին խոշոր բիզնեսը, ըստ էության, ավելի շատ է վճարել, քան ընդհանուր հարկային գանձումներն են, սա, բնականաբար, այդպիսի ռեակցիա պետք է առաջացներ»:

2018 թ.-ի առաջին կիսամյակում, թեև տնտեսական ակտիվության ցուցանիշները բարձր են գրեթե բոլոր ոլորտներում, բայց մյուս կողմից տնտեսագետը այստեղ ֆունդամենտալ պրոբլեմներ է տեսնում. «Գործազրկության մակարդակը շարունակում է անբնական բարձր մակարդակի վրա մնալ՝ մոտ երեք անգամ ավելի բարձր մակարդակի վրա, քան գործազրկության բնական մակարդակն է: Ներդրումային ակտիվությունը ևս պասիվ է, բայց լուրջ ներդրումային ծրագրեր այս ընթացքում չէին էլ կարող լինել, որովհետև ներդրողները սպասում էին, որ այս հեղափոխությունը ինստիտուցիոնալիզացվի խորհրդարանական ընտրություններով»:

 

Загрузка...