«1000 դրամների» օրենքով կփոխհատուցվեն նաեւ 2015թ.-ից հետո զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորներն ու նրանց ընտանիքները

49

«1000 դրամների» մասին օրենքում առաջիկայում փոփոխություններ են արվելու, որպեսզի այն տարածվի նաեւ 2015թ.-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց կամ նրանց հարազատների վրա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ գործող օրենքով հատուցում են ստանում 2017թ.-ի հունվարի 1-ից հետո  հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձինք կամ իրենց հարազատները:

«Մենք քննարկեցինք հնարավորությունը ամսաթիվը փոխելու եւ այժմ կա հնարավորություն այն երկու տարով հետ տանելու: Բացի դրանից, կան ոչ անհայտ ընկերություններ, որոնք չեն վճարում այդ հազար դրամները կամ պարտքեր ունեն, մենք պետք է կոչ անենք բոլոր ընկերություններին վճարումները պարտաճանաչ կատարել: Այս հիմնադրամը պետք է շարունակի մեծանալ, շահառու պետք է դարձնենք ավելի վաղ ժամանակ վիրավորում ստացած կամ զոհված մեր հայրենակիցներին եւ նրանց ընտանիքներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնեց, որ այս փոփոխությամբ նշանակում է, որ շահառուներ կարող են դառնալ 183 զոհվածի ընտանիք եւ զինհաշմանդամ:

Загрузка...