ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակների ճշգրտումը

293

ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակների ճշգրտումը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին կայացած ոստիկանության հարյուրօրյա գործունեության ամփոփման մամուլի ասուլիսում հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Պատասխանելով ոստիկանության օբյեկտիվության մասին հարցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն վարչապետին առընթեր է, Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը վերջին 15 տարին «առընթեր» է (նախկինում կառավարությանն առընթեր) եւ այդ հանգամանքը ոչ մի կերպ չի կարող խանգարել գերատեսչության օբյեկտիվությանը։

Նրա խոսքով՝ խոսելով կողմնակալության մասին ոմանք փորձում են ստվերել ոստիկանության դերը. «Հավաստիացնում եմ ձեզ եւ հանրությանը, որ Ոստիկանությունն իր գործողություններում  կաշկանդված չի, չի եղել եւ չի լինի»,–հայտարարել է նա՝ հավելելով, որ ոչ ոք անկախ պաշտոնից եւ վաստակից, բացահայտվելով կաշառք տալու պահին, չի ներվի։

Ընտրողների ցուցակի առնչությամբ Վալերի Օսիպյանը հայտնել է, որ դրանց ճշգրտման գործընթացն արդեն սկսվել է եւ վարչապետը հանձնարարել է ապահովել ցուցակների ճշգրտությունը. «Փորձում ենք նվազագույնի հասցնել անճշտություններն ու բաց թողումները։ Արդեն բացահայտվել են բազմաթիվ մահացածներ»,–հայտնել է Օսիպյանը՝ հավելելով, որ Երեւանի շուրջ 400 հազար բնակչի առնչությամբ ճշգրտում է իրականացվել։

Загрузка...