Սեւ ու սպիտակ կրելու պարտադրանք դպրոցներում չպետք է լինի. ԿԳ նախարար

121

Ինչպես միասնական հագուստի կարգը որոշելու պարտադրանք չկա , այնպես էլ չպետք է լինի  սեւ ու սպիտակ կրելու պարտադրանք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, Մոսկվայի տանը, Երեւանի հանրակրթական դպրոցների  տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց ԿԳ նախարար  Արայիկ Հարությունյանը։ Ընդգծեց՝ սա միանշանակ է եւ որեւէ ծնող, որ չի ցանկանա, որ իր երեխան կրի միանման հագուստ, պետք է ունենա այդ հնարավորությունը, այդ թվում նաեւ աշակերտները։

Նախարարն ասաց, որ միասնական հագուստի հարցը լուծում է տվյալ դպրոցը եւ դասարանի ծնողական խորհուրդները. այստեղ իր հայտարարությունից հետո ոորեւէ արգելք չի դրվելու։ Բայց, իրեն շատ էին հանդիմանում, հակափաստարկներ էին բերում, որ դա կազդի ընդհանուր կարգապահության վրա։ «Սիրելի տնօրեններ, ես դեռ Խորհրդային Միության ժամանակ եմ սովորել դպրոցում, երբ կար միասնական հագուստ եւ կարգապահը կարգապահ էր, անկարգը, անկարգ էր եւ հագուստով  չէ եւ ֆորմայի մեջ երեխային մտցնելով չէ, որ պետք է կարգապահություն ապահովենք դպրոցներում»,- ընդգծեց նախարարը։

Նրան նաեւ մտահոգություն են հայտնել, որ այս հայտարարությունից հետո սոցիալական շերտավորումները ավելի հստակ կդառնան դպրոցներում։ Նախարարը գնացել է որոշ դպրոցներ, որտեղ չկա միանման հագուստ կրելու որոշում, բայց որեւէ շռայլություն չի տեսել աշակետների կողմից։

«Նորմալ, համեստ հագնված, իրենց համար հանգիստ հագնված աշակերտներ էին այդ դպրոցներում եւ այդ շռայլությունների զրո դրսեւորում նկատեցի այդտեղ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

ԿԳ նախարարն անդրադարձել է նաեւ դպրոցներում դրամահավաքներին՝ նշելով, որ շատ ուրախ է, որ առայժմ տեղեկություն չունի  հնարավոր դրամահավաքների մասին եւ խնդրել է տնօրեններին, որ մեծ ուշադրություն դարձնեն այս երեւույթին։

Նախարարն ընդգծել է.«Մայիսից  այս երեւույթը զգալի կրճատվել է, չեմ ասում ամբողջությամբ փակվել է խնդիրը եւ խնդրում եմ ծնողական խորհուրդների հետ աշխատանք տարվի սեպտեմբերի 1–ին ընդառաջ։ Դրամահավաքներ չպետք է լինեն եւ այս արատավոր երեւույթին նույնպես պետք է վերջ դնել»։

 

Загрузка...