Ճիշտ կլինի աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի ժամկետի երկարաձգումը. նախարար

172

Ճիշտ կլինի աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի ժամկետի երկարաձգումը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նա նշեց, որ արդեն իսկ ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելվել էր ՀՀ աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան մինչեւ հոկտեմբեր. «Քանի որ արդեն 2020 թվականից ԵՏՄ-ով պայմանավորված ընդհանրապես արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներկրումը, նորից թույլատրել եւ հետո նորից արգելելը, կարծում եմ՝ ավելորդ պրոցես է, որը մենք պետք է անցնենք»,-ասաց նա:

Աշոտ Հակոբյանն ընդգծեց, որ իրականում, աջ ղեկով մեքենաների քանակի աննախադեպ ավելացումը երթեւեկության համար նաեւ վտանգավորություն է ստեղծում. «Եվ հիմա այսօր նորից հետ քայլ անել, որպեսզի նորից գանք այսօրվա վիճակին, չեմ կարծում, որ դա լուծում է»:

Նախարարն անդրադարձավ նաեւ մեքենաների ղեկը աջից ձախ տեղափոխմանը՝ նշելով, որ կողմ չէ դրան. «Ամբողջ էլեկտրաֆիկացիան խառնվում է իրար։ Ինքս էլ ուզում էի այդպես անել, ոչ ոք խորհուրդ չտվեց: Անվտանգության նկատառումներով՝ երթեւեկության ու մեքենայի տեխնիկական վիճակի, ես այդքան կողմ չեմ»:

 

Загрузка...