Ինչ է կապիկների ծաղիկը

79

Կապիկների ծաղիկը հազվագյուտ վիրուսային զոոնոզ հիվանդություն է, որը հիմնականում հանդիպում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում:
Կապիկների ծաղկի վիրուսը նման է բնական ծաղկի վիրուսին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը, չնայած այն փաստին, որ կապիկների ծաղիկը ընթանում է շատ ավելի թեթև, այն կարող է հանգեցնել մահվան (մահացության ցուցանիշը` 1% – 10%): Կապիկների ծաղկի վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):

Վարակումը տեղի է ունենում վարակված կենդանիների արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի երկրորդական տարածումը՝ մարդուց մարդուն փոխանցման միջոցով սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով, երկարատև սերտ շփման արդյունքում:

Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 6-16 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորման փուլը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներ:

Վարակի դեմ համապատասխան բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն բնական ծաղկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է կապիկների ծաղկի արդյունավետ կանխարգելումը:

Загрузка...