«Քարֆուր» սուպերմարկետի փոքրանալու գործընթացը կանգնած է. Փաշինյանը մանրամասնեց

217

Վարչապետի կարգավիճակում իմ առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցը, որովհետեւ այն միակ սուպերմարկետն էր, որ տվյալ պահին գործում էր օրենքին համապատասխան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին Ֆրանսիա կատարած երկօրյա աշխատանքային այցի ժամանակ Փարիզում «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպության անդամների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ ստիպված են եղել գործել այն տրամաբանության շրջանակում, որում եղել են տնտեսական կոռուպցիան, հովանավորչությունն ու մենաշնորհները: Վարչապետի կարգավիճակում իմ առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցը, որովհետեւ այն միակ սուպերմարկետն էր, որ տվյալ պահին գործում էր օրենքին համապատասխան: Այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց, եւ հիմա կարող եմ ասել, որ այդ գործընթացը կանգնած է եւ երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետեւ բոլոր սուպերմարկետներն այսօր գործում են օրենքին համապատասխան եւ այլ կերպ չի էլ կարող լինել»,–նշեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հավելեց նաեւ, որ գործադիրը հիմա ստիպված է մի շարք հարցեր պարզաբանել աշխարհի ամենատարբեր երկրներից Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների հետ:

«Մեր նպատակը որեւէ բան ավերելը չէ, այլ այդ ընկերությունների հետ համագործակցության պայմաններում Հայաստանի շահը ներառելը եւ փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելը: Մենք ուզում ենք ազնվացնենք մեր հարաբերություններն ընկերությունների հետ: Հասկանում ենք, որ յուրաքանչյուր ընկերություն պետք է պաշտպանի իր շահերը, բայց ուզում ենք ընդգծել, որ Հայաստանի շահերը պաշտպանողի աթոռն այլեւս ազատ չէ: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նաեւ այդ ընկերությունների գործունեության հեռանկարները մշուշոտ կլինեն. առաջացել են փոսեր, որոնցից համատեղ պետք է դուրս գանք»,- նշեց նա:

Загрузка...