Հայ եկեղեցին նշում է Խաչվերացը. Վարորդներին օրհնած խաչեր կբաժանվեն

62

Այս տարի սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացը` հինգերորդ տաղավար տոնը:

Qahana.am-ի փոխանցմամբ, այդ առթիվ ժամը 11.00-ին տոնական Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Նույն օրը երեկոյան ժամերգությունից (ժամը 17.00-ին) հետո բոլոր եկեղեցիներում կկատարվի խաչի թափոր, և ռեհանով զարդարված խաչերը կպտտեցվեն եկեղեցիների բակերում ու համայնքներում: Կկատարվի նաև Անդաստան, որի ընթացքում կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: Օրհնված ռեհանը կբաշխվի հավատացյալներին:

Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մի շարք համայնքներում կիրականացվեն նաև տոնական միջոցառումներ, կմատուցվի սիրո ճաշ:

Օրհնած խաչեր վարորդներին՝ աչքուլունքների փոխարեն

Տոնի նախօրեին՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները Խաչվերացի տոնի առթիվ կիրականացնեն Խաչի քարոզ: Երիտասարդները կհավաքվեն Ս. Երրորդություն եկեղեցում, միասնական աղոթքից հետո Րաֆֆու փողոցի՝ Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող կանգառներում օրհնված խաչեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:

Տոնի ժամանակացույց

Սեպտեմբերի 15-ին` Նախատոնակ

Ժամը 17։00-ին Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հավատացյալները Արարատ քաղաքի նոր կառուցվող եկեղեցու բակից խաչի թափորով կքայլեն դեպի Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցի: Խաչերթին կմասնակցի նաև Մալաթիայի Հայորդյաց տան թմբկահարների խումբը: Եկեղեցում կկատարվի Անդաստան:

Ժամը 24.00-ից մինչ 07.00  Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում կկատարվի հսկման կարգ:

Սեպտեմբերի 16-ին` Խաչվերաց

Ժամը 11-ին՝ Ս. Պատարագ

Ժամը 17.00-ին` ժամերգություն

Ժամը 17.30-ին Անդաստան, ավարտին՝ խաչի թափոր

Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի

13.30-ին – Եկեղեցու բակում տեղի կունենա համերգ՝ նվիրված Խաչվերացի տոնին:

Ն. Չարբախի Ս. Խաչ եկեղեցի

13.30-ին Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում եկեղեցու խմբակների սաների մասնակցությամբ տեղի կունենա համերգ, ապա կմատուցվի սիրո ճաշ:

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի

16.00-ին եկեղեցու բակում տեղի կունենա համերգ՝ թաղապետարանի մշակույթի բաժնի խմբերի ու Արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ:

Արաբկիր համայնք

14.00-ին՝ եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ

Մասիսի Ս. Թադեոս եկեղեցի

17.30-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցու բակում կներկայացվի Խաչվերացի տոնի խորհուրդը, որից հետո տեղի կունենա համերգ:

Արարատի Ս. Հակոբ եկեղեցի

13.30-ին Ս. Պատարագի ավարտին, բակում տեղի կունենա հուշաղբյուրի օրհնություն, տոնախմբություն, մատաղի հյուրասիրություն:

Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցի

13.30-ին՝ Ս. Պատարագի ավարտին, եկեղեցու բակում տեղի կունենա տոնախմբություն:

Սեպտեմբերի 17-ին` Մեռելոց

Ժամը 10.30-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս.Պատարագ: Ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ բոլոր ննջեցյալների: Մեռելոց հիշատակի Ս. Պատարագն, ինչպես միշտ, կմատուցվի անկախ աշխատանքային օր լինելու հանգամանքից:

Загрузка...