Գիտությամբ զբաղվելը քաղաքականության նման մի բան է, պետք է խիզախություն ունենաս. ԿԳ նախարար

68

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին նվիրված «Անկայուն երեւույթներ եւ Տիեզերքի առաջացում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը, որին մասնակցել է աշխարհի 16 երկրի 67 գիտնական։

ԿԳՆ-ից  հայտնում են, որ գիտաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության ներկայացուցիչներ։  «Միջազգային գիտաժողովները մեզ համար շատ կարեւոր են՝ փորձի փոխանակման, նորույթը ներառելու եւ ներկայացնելու առումով:

Եվ այն միջոցառումը, որ նախատեսված է առաջիկա օրերին՝ կապված Վիկտոր Համբարձումյանի անվան հետ, կրկնակի պարտավորեցնող է: Մեծ գիտնականի անունը հաճախ ենք լսում արտասահմանյան ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ հումանիտար ոլորտի համաժողովների ընթացքում, որովհետեւ նրան մեր սահմաններից դուրս շատերն են ճանաչում:

Եվ պատահական չէ, որ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, 1996 թվականից հռչակված է որպես աստղաֆիզիկայի օր»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այս փաստը եւս շեշտում է այն դերը, որ Վիկտոր Համբարձումյանն ունեցել է մեր պետության եւ գիտության կյանքում:

«Գիտությամբ զբաղվելը քաղաքականության նման մի բան է. եթե դու ցանկանում ես առաջընթաց եւ հայտնագործություններ ունենալ, ապա պետք է խիզախություն դրսեւորես: Եվ մեր բոլոր գիտնականները, որոնք նշանակալի ներդրում են ունեցել գիտության մեջ, ունեցել են այդ խիզախությունը: Համբարձումյանը դրանով եւս աչքի է ընկել: Ես գիտեմ, որ ԽՍՀՄ-ի համար ծանր տարիներին ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում,  մեծ գիտնականը շարունակել է գործել, եւ սա լավագույն օրինակն է այն փաստի, որ պետության սոցիալական պայմաններն ամենեւին էլ չեն կարող խոչընդոտ հանդիսանալ՝ գիտությամբ զբաղվելու, մեծ հայտնագործություններ անելու համար: Սա ամենեւին չի նշանակում, որ պետությունը պետք է հոգ չտանի գիտության համար, բայց այս համադրումը պետք է անպայման ունենանք:

Վերջերս մի հրապարակում էի կարդում այն մասին, երբ խորհրդային զորքերը մտել էին Չեխոսլովակիա, եւ աշխարհում խորհրդային որեւէ ներկայացուցչի սուլոցներով էին դիմավորում, Վիկտոր Համբարձումյանի դասախոսություններն ու զեկույցները քար լռությամբ էին լսում, ինչը եւս խոսում է նրա մեծության մասին: Վերջինիս մասին է խոսում նաեւ այն փաստը, որ իր մրցանակի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է: Առաջիկայում պետք է ջանքեր գործադրենք՝ ավելի մեծ թվով մասնակիցներ ներգրավելու եւ մրցանակը հանրայնացնելու համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննարկում:

Գիտաժողովը կազմակերպել են` ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Միջազգային աստղագիտական միության հարավարեւմտյան ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը եւ Հայկական աստղագիտական ընկերությունը:

Загрузка...