Նուբարաշենի աղբավայրի գործունեությունը նպատակահարմար չէ. կա երկու այլ վայր. Նախարար

36

Նուբարաշենի աղբանոցի հետագա գործունեությունը բնապահպանական տեսանկյունից նպատակահարմար չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Տոնոյանը:

Նրա խոսքով, ճիշտ կլինի, եթե աղբավայրը լինի այլ տեղում, որովհետեւ ըստ փորձագետների, այդտեղ կա սողանքի խնդիրներ, արտանետումներ, վնասակար նյութեր, որոնք խառնվում են ջրերին:

«Այդուհանդերձ, սա քաղաքապետարանի որոշելիքն է: Աղբավայրի համար նման վայր կա Ջրվեժի մոտակայքում, որտեղ կավային համակարգը թույլ չի տալիս, որ այդ ջրերը գնան եւ խառնվեն ստորջրյա ավազանին: Եվ նման հնարավորություն կա նաեւ Աջափնյակի մերձակա տարածքում, ներկայումս գործող երկրորդ աղբավայրից մի փոքր հեռու: Աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ քամիները եւ տհաճ հոտը, որ գալիս է դեպի Երեւան, այդ հատվածում կմնա տարածքում եւ դուրս չի գա:

Բայց մեր խնդիրը պետք է լինի միջազգային ստանդարտներին համապատասխան աղբավայրի կառուցումը, աղբի տեսակավորումը եւ բնականաբար, այդ աղբը վերամշակելու, գործարան կառուցելու խնդրի լուծումը: Սա պետք է լինի քաղաքապետարանի խնդիրը»,-ասաց նա:

Загрузка...