Ցանկացած ղեկավար պատասխանատու է իր ղեկավարած հիմնարկում կոռուպցիոն սխեմաների համար. ԿԳ նախարարը՝ ԵԹԿՊԻ ռեկտորին

84

Մենք մեր իրավաասության սահմաններում փորձելու ենք միջոցներ ձեռնարկել՝ հասկանալու համար նախ ինչ առնչություն է ունեցել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)  ռեկտորն այդ ամենի հետ եւ, ի վերջո, այստեղ լուրջ պատասխանատվության հարց կա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով ԵԹԿՊԻ–ում կոռուպցիոն բացահայտումներն ու  ուսանողների դասադուլն այնտեղ։

«Այստեղ պաշտոնանկության հարցը չի քննարկվում առաջին հերթին, այլ  առաջին հերթին խոսքը կառավարման պատասխանատվության մասին, եթե պարզվի, որ ռեկտորը ներգրավված չէ կոռուպցիոն սխեմաներում, դրանք գոյություն են ունեցել նրա ղեկավարած հիմնարակում։ Ցանկացած ղեկավար, ում ղեկավարած հիմնարկում նման խնդիրներ կան, պատասխանոտւ է դրա համար»,–նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) մի խումբ ուսանողները պահանջում են ռեկտոր Դավիթ Մուրադյանի եւ ղեկավար կազմի հրաժարականը:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 17-ին, ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ. ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության եւ միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։

Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,500,000 դրամ աշխատավարձ։

Բացի դրանից, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետեւ ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։ Արդյունքում՝ վատնվել է շուրջ 900,000 դրամ։ Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։

Загрузка...