ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 52.000 եվրո վճարել «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով

64

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 50.000 եվրո վճարել հայցվորին, ինչպես նաև 2000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը:

Աշոտ Գուլյանը հայցը ներկայացրել էր 2012թ. փետրվարի 22-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա:

Հայցվորը պնդել է, մասնավորապես, որ իր 30-ամյա որդու՝ Լևոն Գուլյանի մահը ոստիկանական բաժանմունքում կյանքի նրա իրավունքի խախտում է եղել: Նա պնդել է նաև, որ իշխանությունները իր որդու մահվան վերաբերյալ արդյունավետ հետաքննություն չեն իրականացրել և որ իր որդին անօրինական և կամայական կերպով զրկվել էր ազատությունից:

2007թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանը բազմաթիվ վնասվածքներով մահացած է հայտնաբերվել  Երևանի ոստիկանության կենտրոնական մասնաշենքի բակում: Լևոն Գուլյանը ոստիկանություն հարցաքննության էր ներկայացել 2007թ. մայիսի 9-ին՝ իրեն պատկանող ռեստորանի դիմաց տեղի ունեցած սպանության գործով վկայություն տալու համար: Ոստիկանների առաջ քաշած վարկածի համաձայն՝ Գուլյանը փորձել է փախչել և, պատուհանից նետվելով, մահացել է:

Հայցվորը պնդել է, որ իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ, թափանցիկ և օբյեկտիվ հետաքննություն, ինչպես նաև չեն ներկայացրել Լևոն Գուլյանի մահվան և դրան նախորդած հանգամանքների վերաբերյալ համոզիչ բացատրություն: Հայցվորը նշել է, որ Լևոն Գուլյանը  գործով միայն որպես վկա էր անցնում և չէր փորձել խուսափել հետաքննող մարմնի առաջ ներկայանալուց:

Դատարանը գտել է, որ իրականացված հետաքննությունն այն աստիճան ակնհայտորեն անբավարար է եղել և այնքան ակնհայտ հարցեր է թողել առանց պատասխան, որ չէր կարող պարզել հայցվորի որդու մահվանը վերաբերյալ իրական փաստերը: Այդ առնչությամբ՝ դատարանը չի կարող հիմնվել հետաքննության վերջում ձեռքբերված եզրակացության վրա:

Դատարանը վճռել է, որ կառավարությունը չի տրամադրել բավարար և համոզիչ բացատրություն կալանքի տակ գտնվելու ժամանակ Գուլյանի մահվան վերաբերյալ և գտել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի՝ կյանքի իրավունքի վերաբերյալ 2-րդ հոդվածի խախտում:

Загрузка...