Չինաստանն ԱՄՆ-ին բողոք է հայտնել՝ կապված պատժամիջոցների սահմանման հետ

63

Չինաստանն ԱՄՆ-ին բողոք է հայտնել՝ կապված Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի զորքերի պատրաստման ու մատակարարման դեպարտամենտի եւ նրա ղեկավար Լի Շանֆրի դեմ պատժամիջոցների սահմանման հետ՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակում:

«Չինաստանը մեծ դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների կողմից չհիմնավորված գործողությունների կապակցությամբ, ինչը պաշտոնապես ներկայացվել է»,- հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է South China Morning Post-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն լրջորեն խախտել է միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը. «Մենք ԱՄՆ-ին հորդորում ենք այդ սխալն ուղղել եւ պատժամիջոցները հանել: Հակառակ դեպքում ԱՄՆ-ին ծանր հետեւանքներ են սպասվում»:

Նա նշել է, որ Չինաստանը կշարունակի Ռուսաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը եւ ռազմավարական կապերի զարգացումը: «Չինաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունն ուղղված է 2 երկրներին օգնելուն՝ օրինական շահերը պաշտպանելու եւ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար: Այն չի խախատում միջազգային օրենսդրությունը կամ ուղղված չէ երրորդ կողմի դեմ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Վաշինգթոնը հայտարարել էր, որ Չինաստանը ձեռք է բերել ռուսական «Սուխոյ» ընկերությկան 10 կործանիչներ, ինչպես նաեւ ընթացիկ տարվա հունվարին գնել է մի քանի Ս-400 համակարգեր: Այս երկու գործարքն էլ իրականացվել են CAATSA-ի ուժի մեջ մտնելուց հետո, ինչի հետ կապված ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել:

Загрузка...