Հորմոններ. նշաններ, որոնք վկայում են դրանց մակարդակի բարձրացման կամ նվազման մասին. բաց մի թողեք

91

Հորմոններն ակտիվ նյութեր են, որոնք մասնակցում են օրգանիզմի բոլոր գործառույթների կարգավորմանը: Econet.ru-ի հաղորդմամբ՝ դրանք սինթեզվում են տարբեր օրգաններում, այդ թվում՝ վահանաձև գեղձի, հիպոֆիզի, երիկամների, սեռական գեղձերի, ձվարանների կողմից: Դրանց մակարդակից կախված են օրգանիզմի մի շարք գործառույթներ՝ վերարտադրողական առողջություն, ախորժակ, սեռական ցանկություն, զարգացում և այլն: Հորմոնալ հավասարակշռությունը մեծապես ազդում է նաև մաշկի որակի վրա:

Անդրոգեններ: Արական հորմոններ արտադրվում են նաև կնոջ օրգանիզմում: Դրանց մակարդակի բարձրացումը բացասաբար է ազդում մաշկի վիճակի վրա՝ առաջ բերելով մի խումբ խնդիրներ, խթանելով ճարպագեղձերի և քրտնագեղձերի աշխատանքը: Անդրոգենների մակարդակի նվազումը և բարձրացումը վկայում են առողջական խնդիրների մասին՝ մակերիկամների կեղևի հիպերպլազիա, ուռուցքի առկայություն, երիկամային անբավարարություն, պրոստատիտ: Անդրոգենների մակարդակի նվազումը նորմայից կարող է որոշակի դեղամիջոցների ընդունման հետևանք լինել:

Անդրոգենների մակարդակի բարձրացման դեպքում նկատվում են անկանոն դաշտանային ցիկլ, մաշկի չորացում, գրգռվածություն, մազեր դեմքին և կրծքերին, ձայնի ցածրացում, ակտիվություն, այդ թվում՝ սեռական:

Անդրոգենների մակարդակի նվազման դեպքում նկատվում են սեռական ցանկության բացակայություն, անկանոն դաշտանային ցիկլ, առատ քրտնարտադրություն, մաշկի յուղոտություն:

Էստրոգեն: Կնոջ օրգանիզմում այս հորմոնը պատասխանատու է մի շարք կարևոր գործառույթների համար, այդ թվում՝ մայրանալու և վարքի որոշակի առանձնահատկությունների համար: Էստրոգենի բավարար մակարդակն անհրաժեշտ է մազերի և մաշկի առողջության համար: Այս հորմոնի մակարդակի բարձրացումը կարող է ավելորդ քաշի պատճառներից մեկը լինել, սպառնալ վիժման վտանգով:

Էստրոգենի մակարդակի բարձրացման դեպքում կարող են նկատվել շնչահեղձություն, սրտի հետ կապված խնդիրներ, քաշի կտրուկ ավելացում, երակային ցանց ոտքերին:

Էստրոգենի մակարդակի նվազման դեպքում կարող են նկատվել մազաթափություն, սովի մշտական զգացում, սեռական ակտիվության նվազում և այլն:

Լյուտեինացնող հորմոն: Այս հորմոնի բարձր մակարդակն առաջ է բերում օվուլյացիա: Լյուտեինացնող հորմոնի մակարդակի բարձրացումն ու նվազումը պայմանավորված են որոշակի առողջական խնդիրների առկայությամբ՝ հիպոֆիզի խնդիրներ, ձվարանների պոլիկիստոզ, էնդոմետրիոզ, երիկամների հիվանդություններ, գենետիկ հիվանդություններ, անորեքսիա:

Լյուտեինացնող հորմոնի մակարդակի բարձացման դեպքում կարող են նկատվել գլխացավ, շնահեղձություն, ինքնազգացողության, դաշտանային ցիկլի խնդիրներ:

Լյուտեինացնող հորմոնի մակարդակի նվազման դեպքում առաջանում է նյութափոխանակության հետ կապված խնդիրներ, մարմնի զանգվածի՝ չափից շատ նվազում կամ ավելացում, անկանոն դաշտանային ցիկլ:

Ֆոլիկուլխթանիչ հորմոն: Պատասխանատու է սեռական գեղձերի աշխատանքի կարգավորման, ֆոլիկուլի ձևավորման, հասունացման, էստրոգենի սինթեզին օժանդակելու համար: Այս հորմոնն առավելագույն մակարդակի է հասնում դաշտանային ցիկլի կոնկրետ փուլում՝ առաջ բերելով ձվազատում: Հորմոնի մակարդակի խախտումները կարող են վկայել հիպոֆիզի խանգարումների, երիկամների հիվանդության, արյունահոսությունների, ալկոհոլիզմի, պոլիկիստոզի առկայության մասին:

Ֆոլիկուլխթանիչ հորմոնի մակարդակի բարձրացման դեպքում նկատվում են դաշտանային ցիկլի բացակայություն մի քանի ամիս շարունակ, կամ արյունահոսություն, որը կապված չէ ցիկլի հետ, սեռական ուղիների վարակիչ և քրոնիկական հիվանդություններ, գլխացավ:

Ֆոլիկուլխթանիչ հորմոնի մակարդակի նվազման դեպքում նկատվում են անկանոն դաշտանային ցիկլ կամ դրա բացակայություն, սեռական ուղիների վարակիչ և քրոնիկական հիվանդություններ:

Պրոգեստերոն: Այս հորմոնի մակարդակն օրգանիզմում բարձրանում է դաշտանային ցիկլի երկրորդ կեսի ընթացքում: Այն ազդում է օրգանիզմի մի շարք գործառույթների վրա, այդ թվում՝ նյարդային համակարգի, ճարպագեղձերի և կաթնագեղձերի վրա:

Պրոգեստերոնի մակարդակի բարձրացումը կարող է ներքին արյունահոսության, դեղին մարմնի կիստայի, երիկամային անբավարարության պատճառ դառնալ: Այս հորմոնի ցածր մակարդակը կարող է վկայել ձվազատման բացակայության, բորբոքային գործընթացների և չզարգացող հղիության մասին:

Պրոգեստերոնի մակարդակի բարձրացման դեպքում կարող են նկատվել ցավ ձվարաններում, դաշտանային ցիկլի խանգարում, նյարդային վիճակ, հակվածություն դեպրեսիայի:

Պրոգեստերոնի մակարդակի նվազման դեպքում կարող են նկատվել երկար դաշտանային ցիկլ կամ դրա բացակայություն, սեռական ակտիվության բարձրացում, եղունգների թուլություն:

Պրոլակտին: Արտադրվում է հիպոֆիզում, մասնակցում բազմաթիվ գործառույթների, խթանում մայրական կաթի արտադրությունը, աղի և ջրի հավասարակշռմանը: Այս հորմոնի մակարդակի բարձրացումը կարող է վկայել ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի, հիպոֆիզի ուռուցքների, արթրիտի, վիտամինների անբավարար մակարդակի մասին: Դրա մակարդակի նվազումը կարող է հիպոֆիզի հիվանդությունների հետևանք լինել:

Պրոլակտինի մակարդակի բարձրացման դեպքում կարող են նկատվել ցավ կրծքերում, որը կապված չէ դաշտանային ցիկլի հետ, գլխացավ, հոդացավեր, անկանոն դաշտանային ցիկլ:

Պրոլակտինի մակարդակի նվազման դեպքում նկատվում են առատ քրտնարտադրություն, ծարավ, նշաններ, որոնք բնորոշ են տեստոստերոնի մակարդակի նվազմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Загрузка...