Ես ընտրել եմ Նաիրա Զոհրաբյանին, ում վրա սևեռվել էր նեգատիվ հակաքարոզի խաժամուժը.Հովհաննես Գալստյան

172

Խուսափի՛ր նրանից, որ ասում է այն, ինչ ուզում ես լսել։ Նա քեզ խաբում է։

***
Երբեք ձայն չեմ տվել իշխանությանը։ Ես կինոռեժիսոր եմ, կինոն տարածա-ժամանակային արվեստ է, ինչ որ բան հասկանլու համար ինձ պետք է ժամանակ։ Նախընտրական հռետորաբանությունը իմ վրա չի ազդել, որովհետև քաղաքական գործիչները երբևէ տեսածս ամենաապաշնորհ դերասաններն են, իսկ ժամանակի մեջ ոչ մի իշխանություն չի արժանացել իմ դրական քվեին։

***
Դասական իմաստով ընտրել՝ նշանակում է ճանաչել ու վստահել։ Նիկոլը «դրեց» Հայկոյին, որովհետև մարդիկ «ՃԱՆԱՉՈՒՄ են», ու ինքն իրենով փակեց «ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ» հատվածը։ Նույն հաջողությամբ կարող էր դնել օդերևութաբան Սուրենյանին, ֆուտբոլիստ Պիզելիին, երգիչ Արամեին, եթե նրանք «Քայլ անեին»։ Դատելով իմ ընկերների ստատուսներից Նիկոլի թեկնածուն կհավաքի 200%։ Որովհետև միֆական «Հակահեղափոխականությանը» պետք է դիմակայել, իսկ մարդիկ սիրում են մեծ խաղի մեջ տեսնել իրենց անձնական ներդրումը, իրենց «տիեզերական» միսիան։

***
1991-ին Սովետը չկար, բայց միֆական «հակա-անկախությանը» պետք էր տապալել։ Ու մարդիկ իրականացրեցին իրենց միսիան՝ Լևոն Տեր Պետրոսյանին տալով 200%: Ոչ Պարույր Հայրիկյանին, որ կյանքն էր դրել անկախության համար, ոչ Աշոտ Նավասարդյանին, որ հիմնադրել էր անկախության բանակը։ Լևոն Տեր Պետրոսյանի հանդեպ հեղափոխական սիրո ու վստահության պաշարը մաղվեց երկու տարում։ Ի՞նչ է լինելու տղայի հետ, որին ճանաչում են բացառապես աուդիո-վիզուալ կիչերի շնորհիվ, ժամանակի մեջ կերևա։ Բայց Լուիս Բունյուելի ոսկի խոսքերը՝ «ես ատում եմ ամբոխը» ու ամբոխ էր համարում 5 մարդը գերազանցող ցանկացած խումբ, հերթական անգամ հիշեցի ընտրարշավի ժամանակ։

***
Ես ընտրել եմ Նաիրա Զոհրաբյանին, ում վրա սևեռվել էր նեգատիվ հակաքարոզի խաժամուժը։ Որովհետև ճանաչում ու վստահում եմ, իսկ բանական մարդուն բնորոշ է սեփական տեսանկյունից իրերին նայելու ունակությունը։ Իմ որպես ռեժիսորի՝ ամենակարևոր ունակությունը։

Загрузка...