Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության փորձագետները կգնահատեն Հայաստանի անասնաբուժության ոլորտը

23

ՀՀ գյուղատնտեսության նախարար  Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության  անասնաբուժական ծառայությունների կատարողականի գնահատման (OIE  PVS) փորձագետներին՝ առաքելության ղեկավար Նիկշա Բարիշիչի գլխավորությամբ։

«Կենդանիների առողջությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեցող հարց է, և մենք գնահատում ենք ցանկացած խորհրդատվություն և քննադատություն, որի շնորհիվ կարող ենք  ոլորտը բարեփոխել՝  հասցնելով ավելի բարձր մակարդակի»,- ողջունելով հյուրերին նշել է նախարար Խաչատրյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նիկշա Բարիշիչը նշել է, որ  առաքելության նպատակն է գնահատել Հայաստանի անասնաբուժության ոլորտը, ինչն իրականացվում է  երկրի պահանջով՝  օժանդակելու բացահայտել ոլորտի թույլ, բաց և ուժեղ կողմերը՝  միջազգային ստանդարտներին համապատասխանության համատեքստում։

Արթուր Խաչատրյանը վերահաստատել է, որ նախարարությունը պատրաստ է լիարժեք համագործակցության, քանի որ ոլորտի ամբողջական պատկերի գնահատականին տիրապետելն անչափ կարևոր է՝ հաշվի առնելով, որ անասնաբուծությունը ռազմավարական ուղղություն է Հայաստանի գյուղատնտեսության համար, իսկ առանց անասնաբուժական բարձրակարգ ծառայությունների հնարավոր չէ այս ճյուղի զարգացումն ապահովել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

Загрузка...