ԲՀԿ-ի խնդիրը 1 տարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որը հստակ ֆիքսել ենք մինչև վարչապետի ընտրությունը Փաշինյանի հետ հանդիպմանը. Շ. Իսայան

52

– ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն: Արդեն հստակ որոշում կա:

– Ես տեղյակ չեմ պարոն Մելքումյանի հարցազրույցին, կծանոթանամ, բայց կարծում եմ՝ խոսքը նրա մասին, որ վարչապետը բանակցությունների փուլ էր սկսում և պարոն Փաշինյանն ինքը հայտարարեց, որ հանդիպելու է խմբակցությունների ղեկավարների հետ: Կարծում եմ՝ խոսքը այս հանդիպման մասին է:

– Բայց Նիկոլ Փաշինյանը, փաստացի, հայտարարեց բանակցությունների դադարեցման մասին: «Եթե խոսում ենք և իրար ճիշտ չենք հասկանում, ի՞նչ իմաստ ունի խոսակցությունը»,- ասել էր վարչապետը:

– Ես որքանով տեղյակ եմ, պարոն Փաշինյանի և ԲՀԿ-ի միջև բանակցություններ տեղի չեն ունեցել: Հանրապետական խմբակցության հետ հանդիպումից հետո, վերջին իրադարձություններից հետո այդ բանակցությունները տեղի չեն ունեցել: Դրանք շարունակական բնույթ կկրեն, թե ոչ, դա արդեն առաջիկայում կերևա:

– ԲՀԿ դիրքորոշումն այժմ ինչպիսի՞ն է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հետ կապված:

– Այսօր մենք խմբակցությունում ունենալու ենք քննարկում, որից հետո մենք մեր դիրքորոշման մասին կհայտնենք: Խնդիրը հետևյալն է, բնականաբար, երկրում ստեղծված է իրավիճակ, որի հանգուցալուծումը պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Մենք դրա մասին ավելի վաղ էլ ենք հայտարարել, մենք կառավարության ծրագրում ունենք հստակ ֆիքսված, որ մեկ տարվա ընթացքում պետք է տեղի ունենան  արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկել: Սրա մասին խոսք ընդհանրապես չի կարող լինել: Բայց մինչև վարչապետի քվեարկությունը, մենք խորհրդարանում ունեցել ենք ֆրակցիայով հանդիպում, որտեղ քննարկել ենք բոլոր այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենային: Մասնավորապես, խոսքը Ընտրական օրենսգրքի բարելավմանն էր վերաբերում, կրկնաքվեարկությունները բացառելու միասնական մեխանիզմի ներդրմանը և տեխնիկական հարցերին: Մինչ այս պահը այս խնդիրները չեն լուծվել:

– ԱԺ կանոնակարգ օրենքին «Ծառուկյան» խմբակցության մեծամասնության կողմ քվեարկելը չի՞ հակասում Ձեր ասածներին: Դուք նշեցիք, որ կողմ եք խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, բայց օրենքի փոփոխությամբ դժվարանում է ԱԺ-ի լուծարման գործընթացը: Հակասություն չկա՞ այստեղ:

– Մենք ինչ-որ մի բան խառնում ենք: Մենք սխալ ուղղությամբ ենք գնում: Մենք ուզում ենք խորհրդարանը լուծարե՞նք, թե՞ բոլոր խնդիրները լուծենք և գնանք, միգուցե, անկախ Հայաստանի պատմության առաջին արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման: Եթե մեր խնդիրը խորհրդարանը հրատապ լուծարելն է և ընտրությունների անցկացումը, ապա դա ուրիշ հարց է: Եթե մեր խնդիրը մեկ տարվա մեջ ազատ, արդար արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու մասին է, ապա մենք այլ խնդիրներ պետք է լուծենք: Այստեղ է, որ փոքր հակասություն կա: «Ծառուկյան» խմբակցության խնդիրը կոնկրետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է մինչև 1 տարի, որը մենք հստակ ֆիքսել են մինչև վարչապետի ընտրությունը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Հիմա ես ինքս չեմ հասկանում, օրակարգի փոփոխությո՞ւն է տեղի ունեցել, ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել, դրա համար ես դժվարանում եմ այս պահին ձեր հարցին պատասխանել: Մի քիչ շեղվել ենք մեր նախնական խնդրից և նպատակից:

– Երևանի ընտրություններում ԲՀԿ-ի 7 տոկոսից մի քիչ ավելի հավաքած ձայները կապ ունե՞ն Ձեր դիրքորոշման հետ, ավելի ուշ ԱԺ ընտրություններ անցկացնելու հետ: Այսինքն, մտավախություն ունե՞ք, որ ավելի քիչ մանդատներ կունենանք ԱԺ-ում:

– Բացարձակ այդպիսի խնդիր չկա: Երբ մենք կառավարության ծրագրով ֆիքսել ենք, որ մեկ տարվա ընթացքում պետք է անկացվեն ԱԺ ընտրությունները, այդ ժամանակ դեռ Երևանի ավագանու ընտրությունների մասին առհասարակ խոսք չկար: Ինչ վերաբերում է մեր ստացած քվեներին, ապա իմ անձնական կարծիքով՝ շատ նորմալ են մեր հավաքած տոկոսները: Հեղափոխությունից հետո բնական է, որ հեղափոխություն իրականացնող ուժը պետք է ստանար մաքսիմալ քվե, և դրանից հետո երկրորդ քաղաքական ուժը եղել է ԲՀԿ-ն: Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, ընդհակառակը, կարծում եմ, որ քաղաքական դաշտում կա երկու մրցունակ քաղաքական ուժ:

– ԲՀԿ քվոտայով նախարարների և մարզպետների հեռացմանը, հրապարակային նրանց ազատման դիմումները ստորագրելուն, ինչպե՞ս են կուսակցությունում վերաբերվում:

– Այդ հարցին կկարողանամ պատասխանել կուսակցությունում քննարկումից հետո: Դեռևս քննարկում տեղի չի ունեցել, դրա համար չէի ուզենա իմ անձնական կարծիքը հայտնել:

 

Նյութի աղբյուր՝ tert.am

Загрузка...