Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին նոր մասնաշենքեր տրվեցին. Համալսարանը 230 մլն դրամ ներդրում կանի

43

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 4-ի որոշմամբ Երեւանի Հ. Էմինի նրբանցք 4 հասցեում գտնվող՝ 251,6 մլն դրամ գնահատված արժեքով եւ 2769.4 քմ ներքին մակերեսով ուսումնական մասնաշենքերը եւ 3 մլն դրամ կադաստրային արժեքով եւ 0.208747 հեկտար մակերեսով հողատարածքը` անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին:

Ըստ որոշման, Համալսարանը պարտավորվում է  իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով առաջիկա 5 տարում (2019-2023) իրականացնելու 230 մլն դրամի ներդրումներ՝ ուսումնական մասնաշենքերի վերանորոգման եւ տարածքների բարեկարգման  համար:

Համալսարանը պետք է ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել կոմիտե՝ յուրաքանչյուր տարվա ավարտից  հետո 15-օրյա ժամկետում:

Նշվում է նաեւ, որ համալսարանին հանձնված հինգ մասնաշենքը եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնված երկու մասնաշենքը հանդիսանում են մեկ գույքային միավոր եւ դրանց աղճատումն՝ այլ հիմնարկի տրամադրման պարագայում կխոչընդոտի  դպրոցի բնականոն  գործունեությանը եւ արգելք կհանդիսանա դպրոցի հետագա ընդլայնմանն ու զարգացմանը: Համալսարանը պատրաստակամ է  տարածքները հանձնելու դեպքում այն վերանորոգել  եւ օգտագործել ուսումնական նպատակների համար:

Загрузка...