Հունաստանում Արեւմտյան Նեղոսի տենդի զոհերի թիվը հասել է 34-ի

52

Հոկտեմբերի 4-ի տվյալներով՝ Հունաստանում Արեւմտյան Նեղոսի տենդից մահացել է 34 մարդ, ընդհանուր առմամբ տենդով վարակվել են 289-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնին (KEELPNO):

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը՝ մեկ շաբաթում հիվանդացել է 18 մարդ, որոնցից երեք մահացել են:

Արեւմտյան Նեղոսի տենդը Հունաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 2010 թվականին: 2010-2014 թվականներին Հունաստանում այս հիվանդության հետեւանքով մահացել է մոտ 80 մարդ: 2015 եւ 2016 թվականներին չի գրանցվել հիվանդության ոչ մի դեպք: 2017 թվականին հաղորդվել էր հիվանդության 48 դեպքի եւ Արեւմտյան Նեղոսի տենդից 5 մահվան դեպքի մասին: Հունաստանից բացի, Արեւմտյան Նեղոսի տենդը հայտնաբերվել է Եվրոպայի եւս 8 երկրներում:

Տենդը փոխանցվում է մոծակների միջոցով: Այս տարվա բռնկումը պայմանավորված է ամռան սկզբի բարձր ջերմաստիճանով եւ տեղումներով: Հիվանդությունը նկատվել է շատ համայնքներում, այդ թվում՝ Ատտիկայում եւ Կենտրոնական Մակեդոնիայում:

KEELPNO-ն առաջարկում է մոծակների խայթոցից անհատական պաշտպանության միջոցներ օգտագործել:

Վիրուսը կարող է առաջացնել կենտրոնական նյարդային համակարգի բարդություններ, իսկ հատկապես էնցեֆալիտ, մենինգիտ կամ կաթված: Արեւմտյան Նեղոսի տենդի ախտանիշներն են տենդային վիճակը, գլխացավը, մկանային ցավերը, սրրտխառնոցը, փսխումը, երբեմն ցանը եւ ավշահանգույցների մեծացումը: Եթե ժամանակին բուժօգնության չդիմեն, ապա հնարավոր է մահվան ելք:

Загрузка...