Վերջին օրերին զգալի ավելացել են ԱԺ պատգամավորներին ուղղված ագրեսիվ մեկնաբանությունները. ՄԻՊ

62

Պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը:

Հաղորդագրությունում ասվում է.

«Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է իրավունքների երաշխավորման ու պաշտպանության սահմանադրական առաքելություն՝ դրանով իսկ նպաստելով երկրի իրավապաշտպան ողջ համակարգի արդյունավետ աշխատանքին: Սա իր հերթին ենթադրում է, որ Պաշտպանի ուշադրության ներքո գտնվող հիմնարար հարցերից են երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները:

Մարդու իրավունքների պաշտպանի այս առաքելությունն իրականացվում է սահմանադրական կարգավիճակի ուժով՝ առաջնորդվելով անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքներով:

Վերջին ժամանակներս երկրում տեղի ունեցող իրադարձությունները  Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են: Դրանց ուսումնասիրությունը հնարավորություն է տվել արձանագրել հարցեր, որոնք առաջ են բերում Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հրապարակային արտահայտելու անհրաժեշտություն: Մասնավորապես՝

1. Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին արձանագրված ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ապահովել հիմնարար փոփոխություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին:

2. Ժողովրդավարական այդ զարգացումների արդյունքները պետք է ծառայեցնել հանրային իշխանության համակարգը ինստիտուցիոնալ ամուր հիմքերի վրա դնելուն՝ հենվելով քաղաքացիների բարձր վստահության վրա: Քաղաքացիների վստահությունն էլ հենց իշխանության հիմքն է՝ լինելով պետության ամրության հիմնարար գրավականը: Բոլորիս խնդիրն է համատեղ ջանքերով նպաստել այդ վստահության ամրապնդմանն ու ամրության պահպանմանը:

3. Այս ամենով հանդերձ, երկրում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից յուրաքանչյուրը պետք է հարգանքով վերաբերվի մյուսին եւ առաջնորդվի միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով: Այս մոտեցումը հնարավորություն կտա բոլոր ջանքերն ուղղել իրավական պետության եւ ժողովրդավարական զարգացման որակապես նոր փուլի հաստատմանը: Պետք է բացառվի արձանագրված ձեռքբերումներից ցանկացած հետնահանջ:

4. Թվարկված հիմնարար նպատակները պահանջում են, որպեսզի երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը:

5. Պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները, չպետք է թույլ տալ դրանց ոչ իրավաչափ որեւէ միջամտություն: Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը. այն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների եւ ազատությունների անփոխարինելի հիմքն է: Այս կերպ է ձեւավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ:

6. Երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է: Սրա հետ էլ ուղղակիորեն կապվում է այլակարծության խթանումը. դա մեր երկրին հիմա հատկապես անհրաժեշտ է:

7. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակային գրառումների ու մեկնաբանությունների մշտադիտարկումն արձանագրել է վերջին օրերի ընթացքում վիրավորանքի ու ատելության խոսքի զգալի աճ:

8. Դիտարկումը վկայում է, որ «որեւէ կողմին», հատկապես՝ գործադիր իշխանությանն ուղղված քննադատություն, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես այլակարծություն պարունակող հրապարակումների ներքո սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից արվում են վիրավորանք ու ատելության խոսք եւ նույնիսկ բռնության կոչեր պարունակող մեկնաբանություններ: Մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք հաճախ արվում են առանց այդ հրապարակումների բովանդակությանը ծանոթ լինելու՝ հիմնվելով վերնագրերի վրա կամ միայն հաշվի առնելով հրապարակման հեղինակի անձը:

Ընդ որում, ագրեսիվությամբ են առանձնանում առերեւույթ կեղծ օգտատերերի գրառումները, որոնց թիվը զգալիորեն ավելացել է: Վերջին օրերին արձանագրվել է նաեւ Ազգային ժողովի պատգամավորներին ուղղված այդպիսի մեկնաբանությունների շեշտակի աճ, ինչը մտահոգիչ է հասարակությունում ԱԺ պատգամավորի դերի ու հեղինակության տեսանկյունից:

Ակնհայտ է, որ այս իրավիճակը անհանդուրժողականությունը խորացնող գործոն է: Այն բացասական է ազդում հասարակությունում համերաշխության ապահովման վրա: Ուստի, ողջունելի են այն հանրային գործիչների կոչերը, որոնք ուղղված են վիրավորանքի ու ատելության խոսքի բացառմանը:

9. Ստեղծված իրավիճակում մեծ դեր ունեն նաեւ զանգվածային լրատվության միջոցներն ու լրագրողները: Նրանց բոլորին խնդրում եմ, որպեսզի իրենց հրապարակումներից հեռացնեն վիրավորանք, ատելության խոսք կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից՝ դա արվել է առերեւույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: Դա մեծապես կնպաստի հանդուրժողականության ու համերաշխության ապահովմանը:

10. Պետք է ի սպառ վերացնել հասարակությունը խմբերի բաժանելու միտումները: Սա սկզբունքորեն է անթույլատրելի: Այս երեւույթը խնդրահարույց է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից: Այն կարող է ունենալ խորը բացասական հետեւանքներ, որոնց վերացումը կպահանջի երկարաժամկետ ջանքեր:

11. Պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը: Առավել վտանգավոր է, երբ դա արվում է հանրային գործիչների, իսկ մի շարք դեպքերում նաեւ իրավապաշտպանների կողմից: Սա նույնպես այն գործոններից է, որ խաթարում է համերաշխությունը եւ չի նպաստում պետության ամրությանը:

Ցանկացած խնդիր պետք է լուծվի երկխոսության միջոցով՝ միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքի ու համերաշխության մթնոլորտում:

Загрузка...